Facebook-ում կուսակցություններից առավել ակտիվ են ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը». մասնագետ

12:36 • 20.04.13

Ըստ պաշտոնական վերջին տվյալների Հայաստանում Facebook սոցիալական կայքից օգտվում է մոտ 400 հազար օգտատեր։ Ընդ որում՝ օգտատերերից մոտ 300 հազարն իրական է, մնացածը՝ կեղծ (fake): Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:


«Վերջին տարիներին քաղաքական կուսակցությունները որոշեցին ներկա լինել այնտեղ (Facebook սոցիալական ցանցում- Tert.am) ու զբաղվել քարոզչությամբ, դրան ականատես եղանք հատկապես վերջին նախագահական ընտրություններին: Առավել ակտիվները ՀՀԿ-ն ու «Ժառանգությունն» են: Հետո գալիս է ԲՀԿ-ն, ապա Դաշնակցությունը, բայց ոչ թե կուսակցությամբ, այլ Դաշնակցությունը ներկայացնող անձանցով։ ՀԱԿ-ի ակտիվությունը ավելի շատ հակաժառանգական ակտիվություն է ցուցաբերում և նկատվում է, որ ԲՀԿ-ի հետ զուգահեռ է աշխատում»,- ասաց նա և ավելացրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի այս շրջանում Facebook-ում ակտիվացել է նաև ՕԵԿ-ը:


Տիգրան Քոչարյանը նշեց, որ քաղաքական ակտիվ գործընթացների այս շրջանում, Facebook-ում ավելի շատ մարդիկ են գրանցվում՝ ցանկանալով ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Պատճառն այն է, որ այսօր գրեթե բոլոր լրատվամիջոցներն իրենց հրապարակումները տարածում են սոցցանցում: Նա ընդգծեց, որ այսօր մեր հասարակությունը գնալով ավելի է «թվայնացվում»:


«Օրինակ՝ ապրիլի 9-ի Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին միջին թվով ներկա էր 15 հազար մարդ, իսկ հանրահավաքն ուղիղ եթերով դիտում էր ավելի քան 18 հազար մարդ: Ստացվում է, որ մարդիկ ավելի շատ նախընտրում են դիտել, մեկնաբանություն թողել, քան բուն մասնակիցը լինել։ Մարդուն պահելով թվային տարածքում, մարդը դուրս չի գալիս փողոց, նրան թվում է մեկնաբանություն գրելով մասնակից է հեղափոխությանը»,- ասաց նա:


Միաժամանակ Տիգրան Քոչարյանը հիշեցրեց, որ Facebook-ը չի ներկայացնում ողջ հայության կարծիքը այս կան այն գործընթացի վերաբերյալ, քանի որ դրան մասնակից չեն լինում հիմնականում գյուղերի բնակիչները: