Սիրիայում կոտորածները պետք է դադարեն. Դավութօղլու
Սիրիայում կոտորածները պետք է դադարեն։ Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ կոչ անելով միջազգային հանրությանն ու բոլոր կողմերին պայքարել։
Երեկ Ստամբուլում կայացել է «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հավաքը, որին մասնակցել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչները։
Հավաքից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիայի առաջնորդ Մուազ ալ-Խաթիբը համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել։
Ջոն Քերին Սիրիայում տիրող իրավիճակը բնութագրել է մեկ բառով՝ «սարսափելի»։
Նա նշել է, որ այդ ճգնաժամն արդեն «հատել է սահմանները» և վտանգավոր է դարձել նաև այլ պետությունների համար։
«Արյունահեղությունը պետք է դադարի։ Մենք այստեղ հավաքվել ենք՝ խոսելու խաղաղության հաստատման մասին և քննարկելու անցումային շրջանի տարբերակները»,-ասել է նա։
Քերին նշել է, որ քաղաքական լուծումն իրենից ենթադրում է անցումային կառավարության ստեղծում, որը հետագայում իր տեղը կփոխանցի ընտրված իշխանությանը։
Սիրիայի ընդդիմության ղեկավար Մուազ ալ-Խաթիբը նշել է, որ իրենց նպատակը վրեժխնդրությունը չէ, և իրենք դեմ են ահաբեկչության ցակացած դրսևորման։










