ԲՀԿ նախընտրական շտաբի կրպակում հրդեհ է բռնկվել

11:51 • 21.04.13

Ապրիլի 21-ին ժամը 04:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 58 հասցեում հրդեհ է բռնկվել:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԻՆ հերթապահ մասից կապիտան Վարդանյանը՝ ավելացնելով, որ այրվել են ԲՀԿ նախընտրական շտաբում տեղակայված կրպակի պատի և առաստաղի փայտյա կառուցվածքները՝ 7 քառակուսի մետր տարածքով:

 

Ի պատասխան հարցի, թե այրվե՞լ են նաև փաստաթղթեր, գումար, պլակատներ, հերթապահ մասի աշխատակիցն ասաց, որ ըստ նախնակական տվյալների՝ ոչ:


Հրդեհի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկով հրշեջ ջոկատը, որոնք արագ կարողացել են մեկուսացնել հրդեհը:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am -ին հայտնեց, որ այրված կրպակը եղել է ԲՀԿ շտաբին կից, պահեստի վերածված կրպակ, որտեղ պահվում էին կուսակցության ծրագրերն ու բուկլետները:

 

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է, որի հետևանքով բռնկում է տեղի ունեցել:

 

«Որևէ այլ բան տեղի չի ունեցել: Որևէ քաղաքական ենթատեքստ, ոչ, չենք տեսնում և պետք չէ ամեն ինչում այն տեսնել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: