Մահացել է կուբացի գրող և մշակութային գործիչ Ալֆրեդո Գեվարան

01:13 • 21.04.13

Հավանայում շաբաթ օրը մահացել է հայտնի կուբացի գրող, մշակութային գործիչ և հեղափոխական Ալֆրեդո Գեվարան: Նա մահացել է սրտի կաթվածից 88 տարեկան հասակում, տեղեկացնում է РИА Новости-ն:


Անցյալ շաբաթ նրան մայրաքաղաքի հիվանդանոց էին տեղափոխել սիրտ-անոթային համակարգի հիվանդության ախտանիշով:


Ինչպես հայտնում են լատինամերիկյան լրատվամիջոցները, հիվանդանոցում նրան այցելել են Կուբայի կառավարական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն և այլ պաշտոնատար անձինք:


Ալֆրեդո Գեվարան դեռ ուսանողական տարիներից եղել է Կաստրո եղբայրների ընկերը:


1959-ին Գեվարան հիմնադրել է Մշակույթի և կինեմատոգրաֆիայի ինստիտուտը, իսկ 1975-ին նշանակվել է Մշակույթի փոխնախարար:


Այնուհետև, 1985-ին նոբելյան մրցանակի հավակնորդ Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ միասին ստեղծել է Լատինամերիկյան կինոյի հիմնադրամը: Գեվարան 10 տարի շարունակ ներկայացրել է Կուբան ՅՈՒՆԵՍԿՕ-ում:


Ալֆրեդո Գեվարայի մարմինը, նրա վերջին ցանկության համաձայն, կայրեն և մոխիրը շաղ կտան Հավանայի համալսարանի ճակատային աստիճանների վրա: