Օլանդը ռեկորդ է սահմանել՝ նրա քաղաքականությունից դժգոհ է ֆրանսիացիների 74%-ը. հարցում
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունից գոհ է երկրի բնակչության ընդամենը 25%-ը, «դժգոհ է» կամ «ծայրահեղ դժգոհ»՝ հարցվածների 74%-ը։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, նման արդյունքների մասին է վկայում Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի կողմից անցկացված հարցումը։
Ըստ փորձագետների՝ դա բացարձակ ռեկորդ է Հինգերորդ հանրապետության պատմության ընթացքում։
Օլանդը նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ մեկ տարվա ընթացքում, հասցրել է գրեթե լիովին կորցնել վստահության քվեն. նույնիսկ նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ 2012-ի մարտին, սոցիալիստ թեկնածուի օգտին քվեարկել է Ֆրանսիայի բնակչության մոտ 30%-ը։
Ինչպես ցույց են տվել հարցման արդյունքները՝ ֆրանսիացիները կորցնում են համբերությունը, քանի որ չեն տեսնում տնտեսության ոլորտում լուրջ առաջընթաց։ Հարցվածների խոսքով՝ առաջնահերթ խնդիրը՝ գործազրկության նվազումն ու կյանքի որակի բարելավումը, երկրորդ պլան են մղվել՝ իրենց տեղը զիջելով այնպիսի ոչ կարևոր խնդիրներին, ինչպիսին է, օրինակ, միասեռ ամուսնությունների օրինականացումը։
«Չսիրված» նախագահի նախորդ ռեկորդը պատկանել է Օլանդի նախորդին՝ Նիկոլա Սարկոզիին՝ 72%։ Սակայն նա նման «նշաձողի» էր հասել 5-ամյա պաշտոնավարման վերջում։










