Հնդկաստանում բռնաբարության հերթական դեպքն է գրանցվել, ինչից հետո ցույցեր են սկսվել
Հարյուրավոր մարդիկ այսօր դուրս են եկել Նյու Դելիի փողոցներ և բողոքի ակցիա իրականացրել հերթական բռնաբարության դեպքի առնչությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ոստիկանության տվյալներով՝ ապրիլի 15-ին Գուդիա անունով աղջիկն առևանգվել է հարևանի կողմից, ով նրան 40 ժամ պահել է իր սենյակում, բռնաբարել և տանջել, ինչից հետո փակել է դուռն ու հեռացել՝ ակնկալելով, որ աղջիկը կմահանա այնտեղ։
Աղջկան փրկել են հարևանները, ովքեր լսել են նրա լացի ձայնը։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 22-ամյա տղային։
Հերթական բռնաբարության մասին լսելուց հետո Դելիում և այլ շրջաններում բողոքի ակցիաներ են սկսվել՝ կանանց և աղջիկների անվտանգությունն ապահովելու պահանջով։
Բռնաբարությունների թեման Հնդկաստանում արդիական էր դարձել, երբ անցյալ տարեվերջին ավտոբուսում մի խումբ տղամարդիկ բռնաբարել էին 23-ամյա ուսանողուհուն։
Անցյալ շաբաթ Հնդկաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որով սեքսուալ բնույթի հանցագործությունների համար այժմ կարող է մահապատիժ սպառնալ։










