Նեթանյահուն խոստացել է վրեժ լուծել Գազայից դուրս եկած զինյալներից, ովքեր հրթիռակոծել էին Իսրայելի տարածքը

18:15 • 21.04.13

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այսօր հայտարարել է, որ անպատասխան չեն թողնի օրեր առաջ Էյլաթ քաղաքի վրա իրականացված հրթիռային հարձակումը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Չորեքշաբթի Իսրայելի ամենահարավային քաղաք, որը տեղակայված է Կարմիր ծովի ափին և որտեղ հանգստանում են հազարավոր զբոսաշրջիկներ, երկու ականներ էին հասել, որոնք, ըստ նախնական վարկածի՝ արձակվել էին Եգիպտոսից։
 

Զոհեր և ավերածություններ չէին գրանցվել, սակայն մի քանի ժամով փակվել էր քաղաքային օդանավակայանը։


«Հարձակման հետևում, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական խմբավորում է եղել, որը դուրս է եկել Գազայի հատվածից և օգտագործել Սինայի թերակղզին։ Մենք դրա հետ չենք հաշտվելու։ Մենք պատասխան կպահանջենք։ Այդպիսին է մեր քաղաքականությունը վերջին չորս տարիների ընթացքում, և մենք նաև այս դեպքում հետ չենք մնալու»,-ասել է Նեթանյահուն։

 

Հարձակման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Երուսաղեմի մոջահեդների խորհուրդը», որը որպես ապացույց երկու տեսանյութ էր հրապարակել։


Համաձայն նրանց տարածած հաղորդագրության՝ նրանք «Ալ Կաիդայի» համակիր են և ընդդիմադիր են իսլամիստական ՀԱՄԱՍ շարժմանը, որը նոյեմբերից Իսրայելի հետ հրադադար է հաստատել։