Նյու Յորքում վաճառքի են հանվել «Սենդի» փոթորկից հետո առանց տեր մնացած ավտոմեքենաները
ԱՄՆ-ին նախորդ տարի պատուհասած «Սենդի» ավերիչ փոթորկից հետո առանց տեր մնացած ավելի քան 500 մեքենա, այդ թվում՝ BMW, Cadillac, Toyota մակնիշի, վաճառքի են հանվել Նյու Յորքի աճուրդում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ New York Post-ին հղումով։
Փոթորկից հետո տարհանվել է մոտ 3.300 մեքենա։ Դրանք խանգարել են տարերքի հետևանքների վերացման աշխատանքներին կամ լողացել տերերի համար անհայտ ուղղությամբ։ Ամերիկյան օրենքի համաձայն՝ դրանք կարող են վաճառվել պաշտոնական ծանուցումից հետո 10 օրվա ընթացքում։
Այս շաբաթ արդեն հաջողվել է վաճառել 125 պահանջարկ չվայելող մեքենա։
Գնորդներն իրենք պետք է որոշեն՝ իրենց կհաջողվի շահութաբեր գործարք կնքել, թե կստանան մետաղական ջարդոն։ Որոշ մեքենաներ կարող են պահեստամասերի համար պետք գալ։ Սակայն որոշների շարժիչը վնասված չէ, և դրանք հնարավոր է վերականգնել։
«Մեզ հաջողվել է մի մեքենա 300 դոլարով, մեկն էլ՝ 10.000-ով վաճառել»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչ Ռիչարդ Մոլցը։
Հիշեցնենք, որ Կանադային և ԱՄՆ-ին հոկտեմբերին պատուհասած «Սենդի» փոթորկին զոհ էր գնացել 120 մարդ։










