Թալիբները գրոհել են աֆղանական ոստիկանության անցակետը

18:53 • 21.04.13

«Թալիբան» շարժման մասնակիցները իրենց վրա են վերցրել արևելյան Աֆղանստանում կիրակի օրը տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը: Հարձակումների հետևանքով 10 մարդ է զոհվել, որոնց թվում են եղել 6 ոստիկաններ և շրջանի նահանգապետը, տեղեկացնում CNN-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին:

 

Առաջին հարձակման ընթացքում թալիբները գրոհել են Ղազնի նահանգի ոստիկանական անցակետի վրա, որի հետևանքով սպանվել են վեց ոստիկաններ, հայտնել է նահանգային կառավարությունը:


Զինյալներն իրենց հետ տարել են անցակետում եղած բոլոր զենքերը: Նրանց հետ միասին փախել է նաև աֆղանական տեղական ոստիկանական ուժերի ներկայացուցիչներից մեկը:

 

«Սա նշանաում է, որ այս հարձակումը նախապես ծրագրված է եղել աֆղանական տեղական ոստիկանության աշխատակցի կողմից»,-հայտնել է նահանգի մամլո խոսնակը:

 

Թալիբները հայտնել են, որ իրենք սպանել են 13 ոստիկանների Ղազնի նահանգում տեղի ունեցած հարձակման ժամանակ: «Թալիբան» շարժումն իր վրա է վերցրել նաև Պակտիկա նահանգում մահապարտի կողմից իրականացված պայթյունի պատասխանատվությունը, հայտնել է թալիբների մամլո խոսնակը: