ԱՄՆ-ում ձերբակալվել են «Ահաբեկիչ №1» գրությամբ մեքենայով շրջող Ցարնաևի ծանոթները

15:23 • 21.04.13

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում ձերբակալվել է 2 երիտասարդ, ովքեր շրջել են սև BMW մեքենայով՝ համարանիշի տեղում «Ահաբեկիչ №1» գրությամբ։ Ենթադրվում է, որ նրանք բոստոնյան ահաբեկչության կասկածյալ, 19-ամյա Ջոխար Ցարնաևի ծանոթներն են, հայտնում է Взгляд-ը։

 

Երկու երիտասարդները, ենթադրաբար՝ Ղազախստանից, հարևաններին ներկայացել են որպես Ազմաթ և Դիաս։ Նրանց արդեն բերման էին ենթարկել ուրբաթ, սակայն հարցաքննությունից հետո ազատ արձակել։ Շաբաթ նրանց նորից էին բերման ենթարկել՝ ներգաղթային կանոնները խախտելու համար։ Այժմ, ինչպես նշում է New York Times-ը, նրանց սպառնում է երկրից արտաքսում։

 

Իրավապահները ստուգել են բոստոնյան ահաբեկչությանը նրանց մասնակցությունը, մասնավորապես՝ խուզարկումներ են անցկացվել նրանց տանը՝ Նյու Բեդֆորդում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, հետաքննությունը կարծում է, որ Ջոխարը մի որոշ ժամանակ մնացել է Ազմաթի և Դիասի տանը։

 

Բնակիչների խոսքով՝ առջևի մասում սադրիչ, իսկ հետևի մասում՝ վիրավորական գրությամբ BMW 330XI-ը գողացված է կամ վարձակալված ու չվճարված։ Մեքենայի լուսանկարը Twitter-ում հրապարակել է «J_tsar» անունով օգտատերը, ով, ինչպես ԶԼՄ-ներն են ենթադրում, Ջոխար Ցարնաևն է։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի եզրագծին 12 վայրկյան տարբերությամբ 2 պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը։ 26-ամյա Թամերլանը սպանվել է լույս ուրբաթ գիշերը ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ Նրա 19-ամյա եղբայրը՝ Ջոխարը, ձերբակալվել է և գտնվում է հիվանդանոցում։ Նրա վիճակը ծանր է, սակայն կայուն։ Ինչպես նշել է Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Դևալ Պատրիկը, նա, սակայն, խոսել չի կարող, քանի որ հրազենային վիրավորում է ստացել պարանոցի և ոտքի շրջանում։