Արմեն Արզումանյանը կարևորում է մասնագիտացված հեռուստաալիքների ստեղծումը

15:42 • 22.04.13

ՀՀ նախագահի մամուլի նախկին քարտուղար, ներկայումս «Պան արմենիան մեդիա հոլդինգի» ղեկավար Արմեն Արզումանյանի կարծիքով՝ տարբեր ճաշակի ու նախասիրությունների տեր անձանցից կազմված հեռուստալսարանին որակյալ հասկանալի և հասանելի հեռուստաարտադրանք պետք է տրվի մասնագիտացված հեռուստաընկերությունների միջոցով:


«Ո՞րն է լուծումը: Լուծումը շատ պարզ է: Պետք է գնել ձեզ հարմար տաբատ, ձեր մարմնին համապատասխան: Պետք է դադարել դիտել ունիվերսալ թիվիներ: Դիտեք մասնագիտացված հեռուստաալիքներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է Արմեն Արզումանյանը՝ ով երեկ խոսատացել էր «թիվիների խնդիրներին» անդրադառնալ այսօր՝ երկուշաբթի և այսօրվա հեռուստատեսությունը համեմատել XXXL չափի տաբատի հետ:


Այսօրվա գրառման մեջ նա հարց է տալիս, թե ինչպե՞ս կարելի է տաբատ կարել, որ «ունիվերսալ լինի, որը հնարավոր լինի հագցնել և՛ չաղերին, և՛ նիհարներին, և՛ կրթվածներին, և՛ անկիրթներին, հարուստներին ու աղքատ մարդկանց»: Սա ըստ նրա՝ հնարավոր կլինի միակ տարբերակի՝ գերմեծ` XXXL չափի տաբատի դեպքում, որը կարող են հագնել բոլորը, բայց բացի «չաղերից», այն բոլորին անճոռնի տեսք կտա:


Ըստ նրա՝ նման կերպ էլ մեր հեռուստաալիքները գործում են, երբ ստիպված են բավարարել բոլորի պահանջները միաժամանակ:


«Հեռուստատեսություններն իսկապես բարդ խնդրի առաջ են կանգնած: Մի կողմից մեր գովազդային շուկան իսկապես անբավարար է որակյալ հեռուստարտադրանք տալու համար, մյուս կողմից էլ որակյալ կադրերը հազիվ կես ալիքի կհերիքեն»,- գրում է հեռուստատեսային հոլդինգի ղեկավարն ու առաջարկում պատկերացնել մի ընտանիք, որտեղ մեկը պանիր չի սիրում, մյուսը ձկան հոտը տանել չի կարող, իսկ երրորդն էլ լոլիկի տեսքից փշաքաղվում է: Եվ, հետևաբար, հարց. «Ի՞նչ եփի խեղճ տանտիկինը, մանավանդ որ խոհարարական գիտելիքներն էլ մեղմ ասած բավարար չեն... »:


Ենթադրվում է, որ հաստատ մի անհամ բան կստացվի, իսկը՝ «միջին վիճակագրական հայկական սերիալի պես»: Տանտիկնոջ եղանակով էլ հեռուստաընկերությունները պայքարում են, որպեսզի հնարավորինս մեծ լսարան ունենան և ստեղծում են ծրագրեր, որ միաժամանակ կարող են հետաքրքիր լինել տարբեր կրթություն ու հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար:


«Իսկ այդպիսի հաղորդումը բնականաբար պիտի պարզ լինի (եթե չասենք պարզունակ), որ նույնիսկ նվազագույն կրթությամբ մարդուն ընկալելի լինի: Միջին գիտելիքներով մարդը ոչինչ չի հասկանա հիդրոնային բաշխիչներից և այնտեղ պրոտոնների և ծանր իոնների հետ կատարվող պրոցեսներից: Ու եթե փորձեք դրա մասին պատմել` միանգամից կփոխեն ալիքը: Դրա համար էլ մեր ալիքները լցված են պարզ երաժշտությամբ, հումորով և սիրո ու դավաճանության մասին սերիալներով:


Իսկ ի՞նչ կա այլ երկրների ալիքներում, կհարցնեք դուք: Մինչև վերջերս այս նույնը ուղղակի ավելի շատ փողով, որ դիտարժան է դարձնում և ավելի որակյալ` մասնագետների շնորհիվ:


Իսկ ի՞նչ անել, եթե այս ամենը ձեզ դուր չի գալիս: Պատասխանում եմ. Դա բնական է, քանի որ XXXL չափի տաբատով քայլելը ոչ մեկին հարմար չի, բացի 5 տոկոս չաղերից: Դուք ստիպված եք դա կրել, դա է ունիվերսալ հագուստ, ունիվերսալ թիվի ունենալու գինը»,– գրել է նա:


Այսօր, ըստ Արմեն Արզումանյանի՝ Արևմուտքում հեռարձակվում են հարյուրավոր մասնագիտացված հեռուստատեսություններ, որոնք հաշվի են առնում մարդկանց տարբեր հետաքրքրությունները:


Մի քանի տարի հետո հայաստանյան հեռուստաընկերությունները կսկսեն թվային հեռարձակումը. սա ինքնին բովանդակային առումով ոչինչ չի փոխի, բայց նաև, ըստ գրառման հեղինակի, եզակի հնարավորություն կտա տարբեր չափերի տաբատներ կարելու:


Մանավանդ, որ մեկ անալոգային ալիքի փոխարեն թվային հեռարձակման դեպքում հնարավոր կլինի ունենալ 4 և ավելի հեռարձակում:


Ստացվում է, որ տեսականորեն թվայինին ամբողջական անցումից հետո Հայաստանում տեսականորեն պիտի առաջանա 18 անալոգային ազատ ալիք, այսինքն՝ տեսականորեն 70-ից ավելի նոր հեռուստաալիք:


«Ուղղակի պետք է խելացի բաշխել դրանք: Պետք է օրենսդրորեն ամրագրել, որ դրանք լինեն միմիայն մասնագիտացված: Հերիք է որքան XXXL տաբատներ կրեցիք: Թող լինեն ալիքներ գիտության, սպորտի, լուրջ երաժշտության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, մանկական ... և այսպես ևս յոթ տասնյակից ավելի ալիք, որոնց անուններն ինքներդ կարող եք տալ»,- գրել է Արմեն Արզումանյանը: