«Ժառանգությունը» ՀՔԾ-ի առաջ ոստիկանի խրտվիլակ է տեղադրել

12:01 • 22.04.13

Երևանի Բաղրամյան պողոտայում ապրիլի 9-ին տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին Հատուկ քննչական ծառայություն հրավիրելուց առաջ, կուսակցության համակիրները ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց:

Նախքան Արմեն Մարտիրոսյանը կմտներ ՀՔԾ, նրանք Գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղադրեցին ավագ ենթասպայի «կոչում» ունեցող ոստիկանի խրտվիլակ, որի վրա գրված է «Դատապարտե՛ք սրիկաներին»:
 

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը հայտնել էր, որ իրեն զանգել են ՀՔԾ-ից և տեղեկացել է, որ գործը գտնվում է այս մարմնի վարույթում և նա էլ ասել էր, կգնա երկուշաբթի:
 

Գործն վերաբերում է ապրիլի 9-ին՝ Բաղրամյան պողոտայում ժողովրդի ու ոստիկանության միջև տեղի ունեցած քաշքշուկին, որի ժամանակ վնասվել էր Արմեն Մարտիրոսյանի քիթը։


Ակցիային ներկա են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության համանուն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանն ինքը, որը նյութը թողարկելու պահին դեռ չի մտել ՀՔԾ, «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի անդամ Անի Քոչարը, ով եկել է որդու՝ փոքրիկ Դավիթի հետ:

Առհասարակ, համակիրների շատերը եկել են իրենց փոքր երեխաների հետ: Համակիրները եկել են կարմիր վզկապներով, որոնք, ինչպես նշեցին Tert.am–ի հետ զրույցում, խորհրդանշում են Արմեն Մարտիրոսյանի՝ այդ օրը կոտրված քթից հոսող արյունը ու նաև արդարությունը, որի հաստատման համար գնալու են մինչև վերջ:
 

Իսկ ցուցապաստառներն ունեն հետևյալ բովանդակությունը. «Ոստիկա՞ն, թե ստրուկ միլիցիա», «Վե՛րջ սադիստական ոստիկանությանը», «Ոչ քիթ ջարդող միլիցուն», «Չեբուրաշկան ոստիկան չէ»: