Բոստոնի ահաբեկչության կասկածյալն ուշքի է եկել և գրավոր ցուցմունք է տալիս
ԱՄՆ Բոստոն քաղաքի մարաթոնի ընթացքում ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող Ջոխար Ցարնաևն ուշքի է եկել և արդեն ցուցմունք է տալիս. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ABC հեռուստաընկերության հղումով։
Հեռուստաընկերության տվյալներով՝ քննիչները նրան նախ հարցեր են տալիս հնարավոր գործընկերների վերաբերյալ, որպեսզի բացահայատեն այլ հնարավոր ահաբեկչություններն ու չգործարկված պայթուցիկները։ Ցարնաևը չի կարողանում խոսել, քանի որ վնասվել է պարանոցը, և հարցերին պատասխանում է գրավոր։
Ոստիկանությունը հսկում է Բոստոնի այն հիվանդանոցը, որտեղ գտնվում է Ջոխար Ցարնաևը։
Ավելի վաղ Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն հայտարարել էր, որ ենթադրյալ ահաբեկչի վիճակն այնքան ծանր է, որ դժվար է հավաստիացնել, թե հնարավոր կլինի հարցաքննել նրան։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին՝ միջազգային մարաթոնի եզրագծի մոտ։ Զոհվել էր երեք մարդ, որոնցից մեկն 8-ամյա տղա էր, վիրավորվել ավելի քան 180 մարդ։
Ապրիլի 20-ին Բոստոնի արվարձաններից մեկում ձերբակալվել էր 19-ամյա կասկածյալը, սակայն ձերբակալման պահին նա հրազենային վնասվածք էր ստացել պարանոցի շրջանում և ոտքին, և այժմ գտնվում է հիվանդանոցում։ Նրա ավագ եղբայրը ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում ստացած վերքերից մահացել էր։










