Գերմանացի ուսանողներին պրակտիկայի համար բանտ են նստեցրել

12:55 • 22.04.13

Իրավագիտություն ուսումնասիրող 70 գերմանացի ուսանող մասնակցում է «Օրենքի ուսումնասիրումը ճաղերի ետևում» նախագծին, որի շրջանակում նրանք 3 օրով բանտ են նստում։

 

Ինչպես նշում է Euromag-ը՝ հղում կատարելով Bild-ին, բանտախուցն ու առաջարկվող պայմանները չեն տարբերվում իրականությունից։ «Բանտարկյալները» հանձնում են բջջային հեռախոսները, իսկ ընթրիքի համար ստանում 3 կտոր հաց, 2 կտոր պանիր ու երշիկ։

 

«Երեկոյան ժամը 22։00-ին պառկում ենք քնելու։ Այնքան տարօրինակ զգացում է. պառկած ես անկողնում, շենքը լուսավորված է լուսարձակներով, իսկ բանտախցի պատերի վրա ճաղերի շողքն է։ Սակայն ամենից շատ ինձ վրա ազդում է միայնության փաստը։ Բանտախցում եմ միայն հասկացել պատժի էությունը»,-ասել է ծրագրի մասնակից Կարոլինա Խարբսը։

 

«Օրենքի ուսումնասիրումը ճաղերի ետևում» նախագծի հեղինակ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Պետեր Վետցլերն ընդգծել է, որ այս նախագիծը հնարավորություն է տալիս ապագա փաստաբաններին ու դատավորներին  սեփական մաշկի վրա զգալ, թե ինչ է պատիժն ու ազատազրկումը։