Վրաստանում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության պակաս կա. փորձագետ

11:43 • 22.04.13

Վրացական հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը համարում է, որ Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ Վրաստանում տեղեկացվածության պակաս կա։


«Կան խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնվեն, առաջին հերթին տեղակացվածության է հարկավոր, որի ուղղությամբ պետք է հայկական կողմը մեծ աշխատանք տանի»,– այսօր կայացած ասուլիսին ասաց նա։


Նադրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ բանախոսն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան աշխատում են վրաց ժողովրդի հետ, ինչպես նաև կա տնտեսական գործոնը Վրաստանի և Թուրքիայի միջև, և այդ հարցում դերակատար է նաև Ադրբեջանը։


Վերջինիս խոսքով՝ Վրաստանում տարիներ առաջ գիրք էր հրատարակվել, որտեղ ներկայացված էր, թե ինչպես են վրացական լրատվամիջոցները անդրադարձել Հայոց ցեղասպանության խնդրին, բայց այսօր այդ գիրքը ոչ մի տեղ չկա, մինչդեռ պետք է տարածվեն նման գրքերը։


Ջոնի Մելիքյանը նշեց, որ այսօրվա դրությամբ Վրաստանում շատ ակտուալ է Հայոց ցեղասպանության հարցը, և այնտեղ այս տարիների ընթացքում գործում է մի կազմակերպություն, որն այս տարիների ընթացքում քարոզում էր, որ պետք է վրացական կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Սակայն վրացական նոր իշխանությունների կողմից ապրիլին եղան հայտարարություններ, որ այդպիսի բան Վրաստանում չի լինի։
 

«Այդուհանդերձ չէի ասի, որ հեշտ գործ է ճանաչման գործընթացը, բայց այնպես էլ չէ, որ անհնար է»,– նկատեց նա։