ԲՀԿ-ն բաց է Օսկանյանի առաջադրած թեզը քննարկելու և կարծիքներ փոխանակելու համար. Նաիրա Զոհրաբյան

16:09 • 22.04.13

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում նույն կուսակցության ցանկը գլխավորող Վարդան Օսկանյանի Facebook-յան գրառմանը։

 

Հիշեցնենք, որ անդրադառնալով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումներին՝ Օսկանյանը ներկայացրել էր իր անձնական տեսակետը՝ նշելով, որ ԲՀԿ-ն խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն:

 

Ստորև ներկայացնում ենք Նաիրա Զոհրաբյանի տարածած հաղորդագրությունը.

«Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո իմ հեռախոսը չի լռում, ինչը, թերևս, հասկանալի է: Մյուս կողմից որևէ արտառոց բան տեղի չի ունեցել և որևէ արտառոց բան չի ասվել: Ես տարբեր առիթներով բազմիցս ասել եմ, որ ԱԺ կանոնակարգի այն դրույթը, որը որոշում է քաղաքական ուժի ընդդիմադիր լինել կամ չլինելը՝ խիստ արհեստական եզրույթ է: Քաղաքական ուժի իշխանություն լինել կամ չլինելը որոշում է օբյեկտիվ իրականությունը: ԲՀԿ-ն մաս չէ իշխանական կոալիցիայի և դրանով ամեն ինչ ասված է: Ի վերջո, ընդդիմություն լինել-չլինելը չի որոշվում ԵԽ հանձնարարականներով, կամ ԱԺ կանոնակարգի արհեստածին դրույթով. այլ որոշվում է քաղաքական ուժի գործունեությամբ և նրա ներկայացրած ու իրագործվող քաղաքական օրակարգով:

 

Կա նաև հարցի մեկ այլ կողմը` Հայաստանում վերջին տարիներին քաղաքական դաշտն այնքան է լղոզվել ու նաև, չխուսափենք ձևակերպումից` վարկաբեկվել, «ընդդիմություն» հասկացությունն այնքան անորոշ և երկիմաստ է դարձել, որ այդ հասկացությունը ևս հստակեցման լուրջ փուլեր պիտի անցնի: Ի վերջո, մեր բոլորի աչքի առաջ բազմաթիվ «ընդդիմադիր» ականներ և հաճախորդներ բացահայտվեցին, և այդ պրոցեսը շարունակվում է: Ամփոփելով նշեմ, որ ԲՀԿ-ն բաց է իր ներսում ցանկացած հարց, այդ թվում` Օսկանյանի առաջադրած թեզը քննարկելու և կարծիքներ փոխանակելու համար»: