Ամերիկյան հեռուստաալիքը բոստոնյան ահաբեկչի անունը շփոթել է She & Him խմբի երգչուհու անվան հետ
Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Զոուի Դեշանելը որոշ ժամանակով «դարձել է» բոստոնյան ահաբեկիչ, համենայնդեպս՝ Դալաս քաղաքի Fox 4 Dallas-Fort Worth հեռուստաալիքի հեռուստադիտողների համար, հայտնում է newsru.com-ը։
Ապրիլի 19-ին կինոյի և She & Him փոփ խմբի աստղի անունն անհայտ պատճառներով շփոթել են ծնունդով Հյուսիսային Կովկասից Ջոխար Ցարնաևի անվան հետ, որին բռնելու համար այդ ժամանակ անցկացվում էր լայնամասշտաբ հատուկ օպերացիա։
«Մարաթոնի ժամանակ պայթյունները կազմակերպել է 19-ամյա Զոուի Դեշանելը»,- վկայել են Fox 4 Dallas-Fort Worth-ի սուբտիտրերը, որի «սքրինշոթը» Twitter-ում հրապարակել է լրագրող Փիթեր Օգբերնը՝ գրելով. «Դե լավ դուք էլ, Fo՛x»:
Նկարահանման հարթակում Դեշանելի գործընկեր Ջոել Մաքհեյլը սկսել է ծաղրել գործընկերուհուն. «Ասում ես՝ դա դո՞ւ էիր»։ Իսկ դերասանուհին կատարվածին հումորով է վերաբերվել։










