Հյուսիսային Կորեան օգնություն է խնդրում Մոնղոլիայից

23:59 • 22.04.13

Հյուսիսային Կորեան Մոնղոլիայից օգնություն է խնդրել պարենամթերքի պակասը հաղթահարելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Մոնղոլիայի նախագահի ադմինիստրացիայի կայքին:


Մոնղոլիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի դեսպան Հոնգ Գյուն հայտարարել է, որ իր երկիրը կարող է բախվել պարենամթերքի «դաժան» պակասի հետ: Դեսպանը մոնղոլական կողմից խնդրել է իմանալ Հյուսիսային Կորեային հնարավոր հումանիտար օգնություն տրամադրելու հնարավորության մասին:


Հյուսիսային Կորեայի տեղեկատվական գործակալությունը պաշտոնապես չի նշում պարենամթերքի հետ եղած խնդիրների մասին, սակայն երկրում տիրող սովի մասին նորությունները պարբերաբար հայտնվում են միջազգային լրահոսում: Նոր սովի հիմնական պատճառ կարող է հանդիսանալ ջրհեղեղը, ինչպես տեղի էր ունեցել 2012 թվականի ամռանը: