Նախագահի վերընտրվելուց հետո ՀՀ-ն շարունակելու է համագործակցել ՌԴ–ի, ԱՄՆ–ի և ԵՄ-ի հետ. Սամվել Ֆարմանյան
Նախագահական ընտրություններից հետո Հայաստանը շարունակելու է իր ակտիվ համագործակցությունը դաշնակից Ռուսաստանի, շարունակելու է խորացնել հարաբերությունները բարեկամ ԱՄՆ–ի, ինչպես նաև ակտիվ ներգրավվածությունը Եվրոպական Միության և հետխորհրդարային տարածքի երկրների հետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը։
««Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն արել է ամեն ինչ, որ հաջողություն ունենանք և՛ Ասոցացման համաձայնագրի, և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու կայացման հարցերում»,– ասաց նա:
«Կարևոր է՝ այսօր արդեն մուտքի արտոնագրերի դյուրացման պայմանագիրը ստորագրել ենք, ինչը մեզ հնարավորություն է տալիս շարունակելու բանակցությունները Եվրոպական Միության հետ: Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ հիմնական գլուխներն արդեն ամփոփված են և կան բոլոր հնարավորությունները, որ ունենանք ստորագրված այդ համաձայնագիրը»,- ավելացրեց Սամվել Ֆարմանյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ Խորը և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը լուրջ հնարավորություններ կտա Հայաստանին՝ բարեփոխելու իր ինստիտուտները:
Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներին և նշեց, որ վերջին շրջանում բանակցությունները բավականին պասիվ վիճակում են:
«Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի բռի շահարկումն ու կիրառումը: Խոսքը Ռամիլ Սաֆարովի վերադարձի մասին է: Հայաստանը շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը՝ հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի պահվածքը, սակայն ապակառուցողական տիրույթում է: Միջազգային հանրությունը պետք է ավելացնի իր ճնշումը խնդրի խաղաղ կարգավորման համար»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային և ցեղասպանության 98-րդ տարելիցին՝ Սամվել Ֆարմանյանը կոչ արեց բոլորին լծվել իրականությունն աշխարհին տեղեկացնելու գործին: Նա ողջունելի համարեց այն, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը հանգեցրեց նրան, որ Թուրքայի ներսում սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին:
«Մենք պետք է ուղղվենք դեպի թուրքական հասարակության ներսը: Այս կնճիռը չի կարող հավերժ գոյություն ունենալ, չեն կարող հավերժ մերժել իրողությունը և մենք պետք է օգնենք թուրքական հասարակությանն իրենց պատմությանը բաց աչքերով նայելու համար»,- ասաց նա։










