Եթե Հայաստանում արդարություն լինի, ոչ թե մարդիկ կգնան, այլ հազարներով հետ կգան. Սարգիս Հացպանյան

12:53 • 22.04.13

Հայաստանից արտագաղթող թեկուզ մեկ մարդ չեք գտնի, որ հայրենիքից հեռանում է տնտեսական ներկայիս վիճակի պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով արտագաղթի ու ներգաղթի խնդիրների մասին՝ նման կարծիք հայտնեց արդեն 24 տարի Ֆրանսիայից Հայաստան ներգաղթած, ազատամարտիկ, տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
 

«1991-ից հետո հայ ժողովուրդը հակառակ իր ցանկության չի կարողանում ձևավորել իր իշխանությունը: Հայաստանում իշխանի ու իր զավակների հետ է խնդիրը, որովհետև իշխանը իբրև ծնող չի վարվում իր զավակների ժողովրդի հետ»,– ասաց նա:
 

«Իշխանությունը այս հողը, Արցախը, Հայաստանը, ժողովրդին չի սիրում, եթե սիրեր չէր թողի, որ հեռանային: Եթե լինի արդարություն ոչ թե մարդիկ կգնան, այլ հարյուր հազարներով հետ կգան»,-ավելացրեց վերլուծաբանը։


Սարգիս Հացպանյանը նաև նշեց, որ այն սփյուռքահայերը, որոնք երբևէ Հայաստանում ներդրումներ են արել, այսօր նույնիսկ որպես զբոսաշրջիկ չեն ուզում գալ Հայաստան:


«Նրանք այստեղ, երբ ներդրումներ են արել, ձեռքներից առել են, խաբել են: Դրանում մեղավոր են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»,– ասաց նա:


Սարգիս Հացպանյանը նշեց, որ լավ կլիներ, եթե Սփյուռքի նախարարությունը քայլեր ձեռնարկեր, որպեսզի գալիք հինգ տարիների ընթացքում ներգաղթ կազմակերպեր:


«Նույնիսկ Սիրիայի դեպքերի շրջանում Հայաստան ներգաղթողների թիվը այնքան չնչին է, որ նույնիսկ խոսելու բան չի: Մարդիկ ասում են՝ եթե վիճակը լավանա Սիրիայում, պատրաստ են հետ վերադառնալ: Իրաքում պատերազմ եղավ ոչ մեկ չեկավ 60 հազ-անոց հայությունից»,-ասաց ազատամարտիկը։


Սարգիս հացպանյանն ընդգծեց, որ եթե այսօրվա իշխանությունը լիներ վստահված ու սիրված, հայությունը հետ կգար իր տուն:


«Ես, երդմնակալությանը Սերժ Սարգսյանին տեսնելով, կարող եմ ասել՝ երբեք այդքան տխուր նախագահ չէի տեսել»,-հավելեց Սարգիս Հացպանյանը։