Շնորհակալություն Ցեղասպանությունը ճանաչելու համար.Sun-Sentinel-ն անդրադարձել է Մեծ եղեռնի մասին հիշեցնող խորհրդավոր վահանակներին
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավում, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ, 20-րդ դարի սկզբի այդ ոճրագործության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվել՝ «Շնորհակալություն Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար» գրությամբ. պաստառի ներքևի հատվածում էլ 20-րդ դարի սկզբում հայերի նկատմամբ իրականացված որճրագործությունը ճանաչած երկրների դրոշներն են....: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ վահանակները մեծ իրարանցում են առաջացրել Ֆլորիդայում. թե ովքեր են կազմակերպել ակցիան, ոչ ոք չգիտի: Վահանակների «առեղծվածը» բացահայտելու փորձ է արել Ֆլորիդայում հրատարակվող Sun-Sentinel պարբերականը...
Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Հարավային Ֆլորիդայի երկու ճանապարհների խաչմերուկում, գարեջուր և կոսմետիկ վիրաբույժություն գովազդող հայտարարությունների կողքին «խոյանում են» 4 տպավորիչ վահանակներ. դրանց սև պաստառների վրա սպիտակով մեկ նախադասություն է գրված՝ «Շնորհակալություն Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար. 1915թ. ապրիլի 24»:
Սա խիզախ քայլ է հասարակության ուշադրությունը մոտ մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգությանը սևեռելու համար, քանի որ ինչպես ամերիկահայերն են նշում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այսօրվա Թուրքիայի տարածքում 1,5 մլն հայերի սպանդն ավելի քիչ ուշադարության է արժանացել, քան մարդու իրավունքների դեմ ուղղված մյուս լայնածավալ բռնությունները:
Իսկ թե ովքեր են այս ակցիայի հեղինակները, մինչ այս ոչ ոք չգիտեր: Վահանակների ներքևի հատվածում փոքր տառերով գրված է, որ դրանք պատրատվել են «հայերի խնդիրներով մտահոգ մարդկանց կողմից». որևէ անուն սակայն, չէր նշվում:
«Պատճառն այն է, որ սա գովազդ չէ, նպատակը Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության աստիճանը բարձրացնելն է»,- ասում է 70-ամյա գործարար և բարերար Ջորջ Փագումյանը (Ֆորթ Լոդերդեյլ քաղաքից), որի առնչությունը յուրօրինակ քարոզարշավին «բացահայտվեց», երբ Sun Sentinel-ը սկսեց քայլեր ձեռնարկել ակցիայի կազմակերպիչներին գտնելու ուղղությամբ:
4 վահանակները տեղադրված են Հարավային Ֆլորիդայի երկու ճանապարհների խաչմերուկում:
«Ակցիան կազմակերպվել և ֆինանսավորվել է հայ համայնքի ներկայացուցիչների կողմից»,-շարունակում է Փագումյանը, սակայն հրաժարվում է որևէ այլ անուն տալ և նշել, թե որքան գումար է ծախսվել վահանակների համար:
«Մենք չենք ցանկանում, որ այս հարցում գումարը վճռորոշ լինի»,-նշում է հայի ժառանգ Փագումյանը, որի տատն ու այլ հարազատներ ևս զոհվել են սպանդի ժամանակ: «Մեր զոհված տատերը և ընտանիքի անդամներն են վճարել վահանակների համար: Նրանք են դրախտից գումար ուղարկում»,-ասում է Փագումյանը:
Հայոց ցեղսասպանությունը ճանաչել է 20 պետություն. «Շնորհակալություն» բառի տակ պատկերված են այդ երկրների դրոշները: Միացյալ Նահանգների անունն այդ երկրների շարքում չէ: Ամերիկահայերը երկար տարիներ է, ինչ փորձում են փոխել այդ «փաստը». նրանք «ճնշում են գործադրում» նախագահ Բարաք Օբամայի վրա, որպեսզի նա պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Մոտ հարյուր տարի առաջ Հայաստանում տեղի ունեցածը ցեղասպանություն որակելը շատ զգայուն հարց է, հատկապես Հարավային Ֆլորիդայում: Մարդահամարի վերջին տվյալների համաձայն՝ Բրովարդի և Փալմ Բիչի շրջաններում մոտ 4 000 հայ է բնակվում և 5 000 թուրք: Թուրքերը հերքում են, որ հայերի զանգվածային սպանության պատճառը եղել է նրանց ռասայական կամ էթնիկ պատկանելությունը:
Թուրք-ամերիկյան միությունների դաշնության Ֆլորիդայի ներկայացուցչության նախկին նախագահ Ֆուաթ Օրնալնի վահանակները չի տեսել, սակայն բացասական է վերաբերվում դրանց, համարում է, որ 20-րդ դարում կատարվածը հայերի կողմից քաղաքականացվում է:
«Ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն գիտնականները, ոչ թե քաղաքական գործիչները»,-ասում է Ֆուաթ Օրնալնին՝ պնդելով, որ ոչ բոլոր պատմաբաններ են համակարծիք, որ այդ սպանդը պետք է որակվի որպես ցեղասպանություն: Նա, ինչպեսև Թուրքիայի ղեկավարները, ասում են, որ հայերի սպանդը պատերազմի հետևանք է, պատճառն էլ այն է, որ հայերը պատերազմի ժամանակ անցել են Թուրքիայի թշնամի Ռուսաստանի կողմը:
Ֆլորիդայի համալսարանի Հոլոքոսթի և մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ռոսաննա Գաթենսը պատմում է, որ թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված սպանդը Հոլոքոստի և ժամանակակից այլ ցեղասպանությունների հետ ներառված է պետական կրթական ծրագրերում: Յուրաքանչյուր տարի ուսուցիչները բողոքներ են ստանում թուրք ծնողներից, որոնք բողոքում են, թե իրենց երեխաներին սովորեցնում են, թե «Թուրքիան սարսափելի վայր է»:
«Իրոք կարևոր է, որ մեր շրջանի բնակիչները հասկանան, թե ինչպես են վարվել հայերի հետ: Գիտականորեն՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է, և մենք պետք է վերջ դնենք քաղաքականություն խաղալուն»,-ասում է նա:
Ֆլորիդայի Բոքա Ռաթոն քաղաքում անշարժ գույքի բիզնեսով զբաղվող Մարթա Բաթմասյանը համակարծիք է Գաթենսի տեսակետին:
«Սա մարդու իրավունքներին առնչվող խնդիր է, լոկ հայկական հարց չէ: Մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ պատմությունը մոռացության մատնվի,-ասում է նախկին մանկավարժ Բաթմասյանը, որը նաև Հոլոքոսթի (հրեաների ցեղասպանությունը, որն իրականացվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին, Նացիստական Գերմանիայի կողմից-Tert.am) և մարդու իրավունքների խնդիրների ուսումանսիրմամբ զբաղվող հատուկ հանձնաժողովի անդամ է:
Հարավային Ֆլորիդայում տեղադրված վահանակների նման վահանակներ տեղադրված են նաև Մասաչուսեթսի նահանգում. դրանց հեղինակը Peace of Art, Inc («Խաղաղության արվեստ») հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Վարուժան-Հեջինյանն է: 1996թ-ից Հեջինյանն ապրիլ ամսվա ընթացքում Բոստոնի արվարձաններում գովազդային վահանկներ է տեղադրում, որոնց միջոցով Միացյալ Նահանհներին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Peace of Art-ի գործադիր տնօրեն Ռոսարիո Թեյշեյրան ասում է, որ իրենց կազմակերպությունն առնչություն չունի Հարավային Ֆլորիդայում վահանակների տեղադրման հետ: «Այդ ակցիան լավ նպատակ է հետապնդում, և մենք նրանց հաջողություն ենք մաղթում»,-ասում է Թեյշեյրան:
Հարավային Ֆլորիդայի հայկական եկեղեցիները և հայ համայնքի ակտիվիստները ժամերգություն կամ հիշատակի միջոցառումներ են կազմակերպում յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին. դա այդ օրն է, երբ Օսմյանյան իշխանությունները ձերբակալել են 250 հայ մտավորականի և գործիչների ու սկսել են արտաքսել նրանց:
Վահանակները մեծ իրարանցում առաջացրին Հարավային Ֆլորիդայում. դրանք հայտնվեցին փողոցներում և պարզ չէր, թե ովքեր են ակցիայի կազմակերպիչները: Ֆլորիդայի հայերը շաբաթներ շարունակ ենթադրություններ էին անում և փորձում էին հասկանալ ու իմանալ, թե ովքեր են ակցիայի հեղինակները: «Ես բազմաթիվ էլեկտրոնային նամակներ եմ ստանում: Մարդիկ ասում են, որ նման բան նախկինում չի եղել»,-ասել է Բաթմասյանը:
Ֆլորիդայի հայկական եկեղեցու հովիվ Վարդան Ջուլֆայանը ևս պատմում է, որ ծխականներն անցած շաբաթ եկեղեցում հարցերի հեղեղ են տեղացել՝ փորձելով իմանալ, թե ովքեր են անանուն վահանակների հեղինակները: Քահանան նրանց ասել է, որ կարևոր չէ, թե ովքեր են վահանակների հեղինակները: «Կարևորը նրանց «մեսիջն է», որն արդարացի է և ուժեղ»,-ընդգծել է նա:










