Հատուկ ծառայությունները հարցաքննության են կանչել Թամերլան Ցարնաևի կնոջը

10:42 • 22.04.13

Ամերիկյան հատուկ ծառայությունները հարցաքննության են կանչել Բոստոնի ահաբեկչության սպանված կասկածյալ Թամերլան Ցարնաևի կնոջը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Քննիչներն այցելել են Քեթրին Ռասելի տուն, սակայն նա հրաժարվել է ցուցմունքներ տալ՝ նշելով, որ ոչ մի կասկածելի բան չի նկատել ամուսնու վարքագծում։

Նրա փաստաբանը նշել է, որ Ռասելն աշխատել է շաբաթական 70-80 ժամ, իսկ նրա ամուսինը հոգ է տարել 3-ամյա դստեր մասին։

Daily Mail-ի տվյալներով՝ 24-ամյա Քեթրին Ռասելը հատուկ իսլամ է ընդունել՝ Ցարնաևի կինը դառնալու համար։

 

Փաստաբանը նշել է, որ նրանք ամուսնացել են 2009 կամ 2010 թվականին, սակայն պաշտոնական փաստաթղթերում նրանց ամուսնության մասին տվյալներ չկան։

 

Ի դեպ, Թամերլանի ընկերները նրան կասկածում են նաև 2011-ի եռակի սպանության համար, որի զոհն էր դարձել նաև նրա լավագույն ընկեր Բրենդան Մեսը, գրում է BuzzFeed-ը։


Նշվում է, որ այդ սպանությունից հետո կասկածելի է եղել այն հանգամանքը, որ Թամերլանը ներկա չի եղել ընկերոջ հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը։ Նշվում է, որ 2011-ի սպանությունից հետո Թամերլանը դադարել է հանդիպել իր ընկերների հետ և հազվադեպ է հայտնվել հասարակության մեջ։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի եզրագծին 12 վայրկյան տարբերությամբ 2 պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը։ 26-ամյա Թամերլանը սպանվել է լույս ուրբաթ գիշերը ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ Նրա 19-ամյա եղբայրը՝ Ջոխարը, ձերբակալվել է և գտնվում է հիվանդանոցում։