Երևանի ավագանու ընտրությունների անցկացմանը կհետևի ՀՀ ոստիկանությունում ձևավորված համակարգող խումբը
ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի հրամանով` մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ:
Ըստ ՀՀ ոստիկանության տրամադրած հաղորդագրության՝ գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010) 54-69-12 և (010) 54-69-14 հեռախոսահամարները:
ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ անհետեւանք չի մնա ոչ մի ահազանգ, տեղերից ստացվող ոչ մի տեղեկատվություն:
Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին` նպատակ ունենալով համատեղ ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ: Նաև կարևորում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը:
Ոստիկանությունը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին նախապես իրազեկել համապատասխան մարմնին:










