Այսօր և վաղը Թուրքիայում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան

16:49 • 23.04.13

Այսօր և վաղը՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում և կենտրոններում հիշատակի արարողություններ տեղի կունենան։ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունենալիք հիշատակի միջոցառումը կմեկնարկի տեղի ժամանակով 19։15-ին։

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Ապրիլի 24-ին Թաքսիմի հրապարակում նման միջոցառում տեղի կունենա արդեն երրորդ անգամ։

«Վերջին 100 տարում այս հողերը շատ ցավեր են տեսել։ Տարբեր ժողովուրդներից ձևավորված խճանկարը՝ Անատոլիան, գունազրկվեց, թառամեց։ Նախ՝ մուսուլման չեղողները, ժողովուրդը երկրից արտաքսվեցին, թալանվեցին, իսկ մնացածները բռնությամբ ձուլվեցին։ Սակայն ամենից սարսափելին այս հողերի հին տերերի՝ հայերի գլխին եկավ։ 1915թ.-ի ապրիլի 24-ից սկսած հայ ժողովուրդը ոչնչացվեց։ Հրավիրում ենք հարգելու այդ ողբերգության հիշատակը՝ Հայոց ցեղասպանության 98-ամյակը, մեր զոհված համերկրացիների հիշատակը»,-ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։

 

• Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղի նախաձեռնությամբ, Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սաֆարյանը և այլք ժամը 11։00-ին կայցելեն Քութահիայի կառավարիչ Ալի Ֆաիք Օզանսոյի գերեզմանին, ով հրաժարվել էր կատարել Ստամբուլի հրահանգն ու տեղահանել հայերին։


• Այն բանտի շենքի մոտ, որտեղ պահվել են ձերբակալված հայ մտավորականները և որն այժմ որպես Իսլամի թանգարան է օգտագործվում, ժամը 12։30-ին հիշատակի միջոցառում տեղի կունենա։ Կներկայացնեն մինչև Ցեղասպանությունը գոյություն ունեցած 2.300 գյուղերը, որոնք այժմ վերացել են։


• Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի գրասենյակում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 18։00-ին, բացվելու է ցուցադրություն՝ Օսմանյան կայսրությունում ապրող ասորիների մասին։


• Դերսիմի հայերի միությունը Դերսիմում առաջին անգամ հիշատակի միջոցառում է կազմակերպելու։


• Հիշատակի միջոցառում է տեղի ունենալու նաև Իզմիրում (Զմյուռնիա) ժամը 18։00-ին՝ մի շարք հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։


• Դիարբեքիրի (Տիգրանակերտ) միջոցառումը կազմակերպելու է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կողմից։ Կազմակերպվելու է քայլերթ՝ դեպի մարդու իրավունքները խորհրդանշող հուշարձան։


• Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունենալու նաև Ադանայում և Բաթմանում։