ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ամփոփեց 2012թ-ի իր գործունեությունը
2012 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտական բոլոր կառույցներում շարունակվել են հիմնարար և կիրառական բնույթի գիտական մշակումները: Այսօր ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին հայտարարեց ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ ժողովին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներ, բուհերի ռեկտորներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ, որոնք մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած ԳԱԱ անդամներ Վլադիմիր Խոջաբեկյանի, Արմեն Գալոյանի, Վլադիմիր Սարգսյանի, Բաբկեն Հարությունյանի հիշատակը:
Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ 2012 թ-ի գիտական ստորաբաժանումներում պահպանվել է հիմնարար հետազոտությունների գիտական բարձր մակարդակը, ինչի մասին վկայում են արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում հրատարակված աշխատանքները. 762 գիտական հոդված և 18 մենագրություն, ինչպես նաև 81 միջազգային ծրագրերով կատարված աշխատանքներ:
«2012 թվականին երկրորդ անգամ անցկացվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը: Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ Յան Էյնաստոն՝ Էստոնիայից և Իգոր Նովիկովը՝ ՌԴ-ից»,- ասաց նա:
Ռադիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ԳԱԱ-ի բնական և ճշգրիտ գիտական ուղղվածության ինստիտուտները կատարել են հետազոտական աշխատանքներ 81 տարբեր ծրագրերով և դրամաշնորհներով, իսկ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամների համագործակցության արդյունքում 2012 թ-ին հրապարակվել է 25 հոդված և 3 գիրք:
Անդրադառնալով ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում սովորող ուսանողներին՝ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ներկայումս մագիստրանտների թիվը 1 115-ն է՝ 1 080 Հայաստանից և 35` արտերկրից: Պետպատվերով ասպիրանտուրա է ընդունվել 154 ուսանող, իսկ վճարովի՝ 76, այդ թվում` 73-ն արտերկրից:
«Հաշվետու տարում պետական բյուջեից ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմել է մոտ 3 694 մլն դրամ, որն ամբողջ ֆինանսավորման 73%-ն է: Համակարգի աշխատողների ամսական միջին աշխատավարձը մեկ մարդու հաշվով, առանց արտաբյուջետային միջոցների, կազմել է 76.5 հազար դրամ: Արտաբյուջետային ֆինանսների ծավալը հաշվետու տարում կազմել է տարեկան ֆինանսավորման 32%-ը»,- ասաց նա:
ԳԱԱ նախագահն ընդգծեց, որ 2012թ-ին սոցիալական հարցերը եղել են ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ՝ երիտասարդ գիտնականների սոցիալական խնդիրները լուծելու համար ՀՀ նախագահի աջակցությամբ երիտասարդ գիտաշխատողների համար բնակելի շենք է կառուցվում:
Նշենք, որ 2013 թ-ի հունվարի մեկի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված են 60 ակադեմիկոս և 60 թղթակից անդամ, որոնցից 32 ակադեմիկոս և 31 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս: ԳԱԱ համակարգում աշխատում է 4 021 մարդ, որոնցից 2 462-ը գիտական աշխատողներ են, 325-ը` գիտության դոկտորներ, 1 113-ը` գիտության թեկնածուներ:










