Թուրքիայում գործող հայկական կազմակերպությունը պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։
«Այսօր հայերի, քրդերի, թուրքերի և այլ ազգերի միջև հաստատվելիք խաղաղությունը ոչ թե Ցեղասպանության ժխտմամբ, այլ միայն և միայն խաղաղամետ կեցվածքով և ժողովուրդների համատեղ պայքարի արդյունքում է հնարավոր։ Այդ պատճառով՝ Ցեղասպանության մեղավորների հրապարակումը, ռասսիստական-ֆաշիստական կուսակցությունների հետ չհամագործակցելը, նման կառույցներին չաջակցելը բոլորիս պարտականությունը պետք է լինի»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Կազմակերպությունը նշում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամակին ընդառաջ Թուրքիայում վերջին տարիներին իրականացվող հիշատակի միջոցառումները նպաստում են ժողովուրդների միջև առկա կապի ամրապնդմանը և օժանդակում են լուծում գտնելու գործընթացին։
«Սակայն այդ հիշատակումները միայն մարդկային խիղճը մաքրելու սեանսների չպետք է վերածվեն։ Քաղաքական շրջանակները պետք է բացեն Հայ-թուրքական սահմանը, սփյուռքահայությանը քաղաքացիություն տան, ճանաչեն Ցեղասպանությունն ու ներողություն խնդրեն, դասագրքերում և լրատվամիջոցներում նշվեն ցեղասպանության մեղավորները»,-ասված է հաղորդագրության մեջ, որում նաև հիշեցվում է, որ 1915թ.-ից հետո թուրք բուրժուազիայի կուտակած կապիտալը և Ցեղասպանության տուժածների հետնորդներին փոխհատուցում տրամադրելու պահանջ է ներկայացվում։










