Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 20 մարդ բերման են ենթարկվել ոստիկանություն
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 20 հոգի բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Գյումրու բաժին, այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նա նաև հաստատեց, որ Վարդան Ղուկասյանին և վերոնշյալ անձանց բերման են ենթարկել այսօր Գյումրիում հնչած կրակոցների գործով նախաքննության շրջանակներում: Հիշեցնենք, որ ոստիկանության հաղորդմամբ՝ այսօր, ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Կոլյա Ղուկասյանը, ով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է:
Ավելի ուշ Բագրատաշենից բերման էր ենթարկվել Գյումրիի կրակոցների կասկածյալներից ևս մեկը:










