Ջոխար Ցարնաևը հայտնել է ահաբեկչության գաղափարի հեղինակին և կարողացել արտաբերել «ոչ» բառը. ԶԼՄ-ներ

11:50 • 23.04.13

Բոստոնում օրերս տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալ Ջոխար Ցարնաևը երկուշաբթի գրավոր հայտնել է, որ ահաբեկչության գաղափարի հեղինակն ու գլխավոր կազմակերպիչն իր ավագ եղբայր Թամերլանն է, ով սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով։

Նա նաև հայտնել է, որ Թամերլանի հետ գործել են միայնակ և կապ չունեն որևէ միջազգային ահաբեկչական խմբավորման հետ։

Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ CNN-ին հղումով, նա այդ մասին հայտնել է հարցաքննության ժամանակ։ Ներկայում Ջոխարը հրազենային վնասվածքներով գտնվում է Բոստոնի հիվանդանոցներից մեկում։ Կոկորդի հատվածում վնասվածքի պատճառով նա չի կարողանում խոսել և Հետաքննությունների դաշնային բյուրոյի հարցերին պատասխանում է գրավոր կամ գլխի շարժումով։


Սակայն BBC հեռուստառադիոկորպորացիան հայտնում է, որ Ջոխարը կարողացել է ասել «ոչ» բառը, երբ նրան հարցրել են, թե կարո՞ղ է նա ինքնուրույն վճարել փաստաբանի ծախսերը։

 

Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային ոչնչացման զենքի կիրառման և պայթուցիկ սարքերի միջոցով ունեցվածքի կանխամտածված ոչնչացման համար, որը հանգեցրել է մարդկանց մահվան։ Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա 19-ամյա երիտասարդին կարող է սպառնալ մինչև անգամ մահապատիժ կամ ցմահ ազատազրկում։

 

12 վայրկյան տարբերությամբ երկու պայթյունները որոտացել էին ապրիլի 15-ին ՝ Բոստոնի մարաթոնի ժամանակ։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 3 մարդ, վիրավորվել 183-ը։