Ռումինիայում Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել

19:48 • 24.04.13

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ այս օրերին Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցում են հարյուրավոր ռումինահայեր, ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական կուսակցությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ և ուսանողներ:

 

Ապրիլի 24-ին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում կատարվել է հիշատակի հոգեհանգիստ, որտեղ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի կողքին ներկա են եղել ռումին ուղղափառ, կաթոլիկ, ղպտի ուղղափառ և կալվին բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ: Հոգեհանգստի ավարտին Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի և Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ են դրվել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին: Ընթերցվել է Ռումինիայում ՀՀ դեսպանի խոսքը:

 

«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների վերացման մերժումն այսօր լուրջ սպառնալիք է Հայաստանի և հայ ժողովրդի համար, որովհետև ցեղասպանության կործանարար հետևանքները կրել և կրում են ոչ միայն վերապրածները և նրանց ժառանգները, այլև ողջ հայ ժողովուրդը և Հայաստանը»,-իր խոսքում ասել է Հայաստանի դեսպանը:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառավարություններին և խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և շարունակում են պայքար մղել մարդատյացության և ռասիզմի ցանկացած դրսևորումների դեմ:

 

 

Արարողությունից հետո տեղի է ունեցել արտոնված երթ, որի ընթացքում ռումինահայերը Հայաստանի դրոշներով և ցեղասպանությունը դատապարտող պաստառներով ուղղվել են դեպի Բուխարեստի կենտրոն` Հեղափոխության հրապարակ, հավաքվածներին և անցորդներին բաժանելով ցեղասպանության մասին պատմող նյութեր: Ներկաներին իրենց խոսքն են ուղղել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիկոպոս Հակոբյանը, Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի հունական միության պատգամավոր Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը և Սուչավայի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Պոպովիչը:

 

Բուխարեստյան միջոցառումները եզրափակել է Հայոց Միության մշակույթի կենտրոնում կազմակերպված հիշատակի երեկոն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

 

Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Փամբուկչյանի հայտարարությանը հետևել էր նիստը վարող Պատգամավորների պալատի փոխնախագահ Էդուարդ Հելվիգի դրական արձագանքը:

 

Ապրիլի 24-ին ռումինական TVR1 հանրային հեռուստաալիքը հեռարձակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալուն թողարկում՝ Արարատ հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանի և Կարապետ Խաչատուրյանի մասնակցությամբ` ուղեկցված փաստավավերագրական նյութերի ներկայացմամբ:

 

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Բոտոշան, Բակաու, Յաշ, Կլուժ, Գեռլա եւ Դումբրավեն քաղաքներում: