Բրահիմին խորհուրդ է տվել Ասադին չմասնակցել 2014-ի ընտրություններին
2014 թվականին անցկացվելիք ընտրություններին մասնակցությունից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարվելը միայն Սիրիայի ապագայի օգտին կլինի։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին։
Նման կարծիք նա հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցության ընթացքում՝ ուրբաթ, սակայն ելույթի տեքստը լրագրողներին հասանելի է դարձել միայն երեքշաբթի։ Բրահիմին հիշեցրել է, որ Բաշար ալ-Ասադը պնդում է իր իրավունքը՝ որպես Սիրիայի քաղաքացի, մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։
«Սակայն ինչ կլինի, եթե նրան կոչ անեն հրաժարվել այդ իրավունքից և չառաջադրվել։ Դա ոչ թե կնշանակի իր պարտությունը, այլ կառուցողական ներդրում կլինի Սիրիայի փրկության հարցում»,- ասել է նա։
Հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել Սիրիայում «գրեթե անհույս» իրավիճակի առումով, որի իշխանությունները «պատրաստ չեն լսել» ընդդիմությանը, իսկ վերջինն էլ «համախմբված չէ ուժեղ ղեկավարի և վստահության արժանի կառուցողական քաղաքական ծրագրի շուրջ»։










