Բելգիայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում այսօր մատուցվել է պատարագ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցին, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Պատարագին հաջորդել է ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը:
Հուշակոթողի մոտ հոգևոր հայրերը մատուցել են ոգեկոչման արարողություն, որին հաջորդել են Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանի և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի ելույթները:
Արարողությանը մասնակցել են նաև Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության ներկայացուցիչներ, Բելգիայի քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական և թութսի համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ ու լրագրողներ:
Ավելի վաղ` ապրիլի 23-ին, Բելգիայում գործող «Նաիրյան» հայ ուսանողական միությունը, բելգիահայ երիտասարդների մասնակցությամբ, կազմակերպել է մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:










