Femen ակտիվիստուհիները Բելգիայի կաթոլիկների ղեկավարի վրա սուրբ ջուր են լցրել
Femen շարժման ակտիվիստուհիները սուրբ ջուր են լցրել Բելգիայի կաթոլիկ եկեղեցու ղեկավար, արքեպիսկոպոս Լեոնարդի վրա, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Բրյուսելի Ազատ համալսարանի լսարանում, ուր արքեպիսկոպոսը հրավիրված է եղել «Սրբապղծություն՝ վիրավորա՞նք, թե՞ կարծիք արտահայտելու ազատություն» թեմայով քննարկմանը մասնակցելու համար։
Չորս կիսամերկ աղջիկներ վազել են արքեպիսկոպոսի մոտ և նրա վրա ջուր լցրել։ Աղջիկների մարմինների վրա գրված է եղել «Դադարեցնել հոմոֆոբիան», «Աստվա´ծ, պահպանի՛ր լեսբուհիներին»։
Ըստ ԶԼՄ-ների՝ հոգևորականն այդ պահին հանգստություն է պահպանել և աղոթել։ Ակցիայից հետո աղջիկներն արագորեն լքել են լսարանը, բուհի անվտանգության աշխատակիցները նրանց չեն կարողացել պահել։










