Իմ ընտանիքը վերապրել է ցեղասպանությունը, և այլ ապացույցներ ինձ պետք չեն. Մարգարիտա Սիմոնյանի «թվիթը»
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային։ Մասնավորապես, նա պատմել է ցեղասպանությունը վերապրած իր ընտանիքի պատմությունը։
«Այսօր, ինչպես և միլիոնավոր այլ մարդիկ, մենք ընտանիքով բաժակ կբարձրացնենք 1915թ. տանջահար արված մեր նախնիների հիշատակի համար»,- գրել է Սիմոնյանը։
Պատմելով ցեղասպանությունը վերապրած իր նախատատի մասին՝ նա գրել է. «Մանուկ հասակում ես հաճախ էի գնում նախատատիս մոտ, ով տեսել է ցեղասպանությունը։ Նրա եղբայրներին, քույրերին ու ծնողներին մի գիշերվա ընթացքում մորթել են իր իսկ աչքի առաջ։ Նախատատիս ու նրա կրտսեր քրոջ՝ Ալիսային, ձեռք չեն տվել։ Գեղեցիկ, փոքրիկ աղջիկներին թուրքերը վերցրել են իրենց։ 16 տարեկանում նախատատս փախել է Ղրիմ։ Այդպիսով ՝ մեր ընտանիքը հայտնվեց Ռուսաստանում, իսկ թե ինչ է պատահել նրա քրոջ հետ՝ մենք չգիտենք։ Իսկ նրանց ավագ քույրը թուրքի կողմից բռնաբարվելուց խուսափելու համար նետվել է ծովն ու խեղդվել»,-գրել է Սիմոնյանը։
Russia Today-ի գլխավոր խմբագիրը նշում է, որ Թուքիայում կորած բարեկամուհու պատվին իր կրտսեր քրոջն Ալիսա են անվանել։
«Իմ ընտանիքը վերապրել է ցեղասպանությունը, և այլ ապացույցներ ինձ հարկավոր չեն»,-եզրափակել է Սիմոնյանը։










