Արդարություն ենք պահանջում, Օբամա', կատարի'ր խոստումդ. AYF-ն Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տեսանյութ է պատրաստել

21:49 • 24.04.13

ԱՄՆ-ում գործող «Հայ երիտասարդաց միություն» (Armenian Youth Federation) կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ուշագրավ մի տեսանյութ է պատրաստել:

 

Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Facebook սոցիալական ցանցի էջից, տեսանյութը վերնագրված է «Արդարություն ենք պահանջում Հայոց ցեղասպանության համար, Օբամա', կատարի'ր խոստումդ և ճանաչի'ր Հայոց ցեղասպանությունը»:

 

Տեսանյութը սկսվում է Հայոց ցեղասպանությանն առնչվող ցուցանմուշով՝ Մեծ Եղեռնից մազապուրծ եղած անօթևան հայ երեխաների լուսանկարով, որին հաջորդում է հատված` 2013թ. ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահի նստավայրի առջև ամերիկահայերի անցկացված ցույցից: «Հայ երիտասարդաց միության» «Անի» մասնաճյուղի նախագահ Նարինե Աբրահամյանը Սպիտակ տան առջև բարձրախոսով Բարաք Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

«Ամերիկայի Միացյալ Նահանգները և Բարաք Օբաման, այս հանցագործության մասին ճշմարտությունն ասելով, կարող են մեծապես նպաստել, որ Թուրքիան առերեսվի սեփական պատմության մութ էջերին: Հակառակ դիրքորոշումը նպաստելու է Հայոց ցեղասպանությունը հերքելու Թուրքիայի քաղաքականության շարունակմանը և դրան մեղսակից է դարձնելու նաև Միացյալ Նահանգներին: Հակառակ դիրքորոշումն այլ բնռապետներին վտանգավոր ուղերձ է հղում առ այն, որ նրանք նույնպես կարող են ցեղասպանություն գործել և մնալ անպատիժ», -հայտարարում է Աբրահամյանը:

 

Նարինեի ձայնն «ընդհատում է» Բարաք Օբաման. մեջբերվում է հատված նրա  նախընտրական ելույթներից մեկից (հանդես էր եկել 2008թ. հունվարին, նախընտրական քարոզարշավի շրջանակում՝ դիմելով ԱՄՆ-ի հայ համայնքի). Օբաման (2008թ-ին) դրանում Հայոց ցեղասպանությունը բնութագրում է որպես «ճանաչված փաստ» և հավելում՝ «Ամերիկան արժանի է ունենալ այնպիսի նախագահ, որը Հայոց ցեղասպանության վերաբերյալ  կասի ճշմարտությունը և վճռականորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել այդ նախագահը»:

 

 

Հավելենք, որ այս տեսանյութը պատրաստվել է երեկ. այսօր, ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդին ուղերձ է հղել, որում, սակայն կրկին խուսափել է 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները «ցեղասպանություն» որակելուց:

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է 20-ից ավելի պետություն (Ուրուգվայ, Կիպրոս, Արգենտինա, Ռուսաստան, Կանադա, Հունաստան, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Վենեսուելա, Շվեդիա, Վատիկան, Ավստրալիա և այլն), այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: 

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ամերիկյան 50 նահանգներից 42-ը, դաշնային իշխանությունները, սակայն, առ այսօր պաշտոնապես չեն ընդունել այն

 

Տեսանյութը՝ այստեղ