Երկու տարի անց Ծիծեռնակաբերդում ունենալու ենք նոր պետական վիճակ. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
Ծիծեռնակաբերդում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը անմար կրակի առջև ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու տարի անց այստեղ՝ Ծիծեռնակաբերդում ունենալու ենք նոր պետական վիճակ։
«100–ամյակը չի նշանակում, որ դրանից հետո այլևս պետք չէ պայքարել, պայքարը տևական է։ 100–ամյակը ոչ թե վաղեմության ժամկետ է, այլ դա այն ջրբաժանն է, մինչև որի հատումը Թուրքիան պետք է կողմնորոշվի առանց նախապայմանների հատուցել կամ ընդունել հայ ժողովրդի առանց պայմանների հաղթանակը»,– ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ 100–ամյակը պետք է հաստատի, որ գերտերությունները և Թուրքիան պատրաստ են առերեսվել սեփական պատմությանը։ «Դրա համար ես ափսոսում եմ, որ մենք պատասխանատվություն ունենք կարգի բերել մեր սեփական տունը, որը իրավական է և պետք է բերի Հայաստան–Սփյուռք միասնությանը»,– ասաց նա։
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստանը նպաստում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։ «Ես կողմ եմ Թուրքիայի և միջազգային հանրության պատասխանատվությանը, բայց նաև մենք պետք է լինենք իրավատեր իրավական և սահմանադիր երկրում»,– ասաց նա։
«Պետք չէ կապել ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականության հետ, բայց մեր մեջ պետք է կոտրել ոչխարի հոտի հոգեբանությունը»,– ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը։










