ilur.am–ի լրագրողը պնդում է, որ ոստիկանը չտեսնելու է տվել, թե ինչպես են իրեն ծեծում

11:01 • 24.04.13

ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ երեկ Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ անհայտ անձիք ծեծի են ենթարկել իրեն, երբ ինքը փորձել էր նկարահանել, թե ինչպես են հանդիպման կազմակերպիչները երթուղային միկրոավտոբուսներից փուչիկներ հանում և բաժանում բնակիչներին:

Գրառմանը մեջ Հակոբ Կարապետյանը նշում է, որ երբ իրեն քաշքշում էին, հարվածում ու հայհոյում, մոտիկ կանգնած ոստիկանության մայորը չտեսնելու էր տալիս, իբր ոչ մի բան չի կատարվում:


«Էսօր ինձ հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ գլուխս սառել էր արդեն, զգացի, որ վախենում եմ, թե վաղն ինձ կմեղադրեն զրպարտության մեջ: Որովհետև այն ինչ տեղի ունեցավ, անպատկերացնելի էր: Ուրեմն` 100 հոգու, մեծ ու փոքրի ներկայությամբ ինձ քաշքշում են, հարվածում են, հայհոյում են, ձեռքիցս տեսախցիկը խլում են, ու հավաքված մեծուփոքրերից ՈՉ ՈՔ չի միջամտում: Թաղի կնանիքից ոչ ոք չի ասում «Այ ձեր մերը չմեռնի, էս ի՞նչ եք անում»:


Երեխաները դեղին փուչիկներով խաղում են, երաժշտություն է հնչում: Ու երբ որ մոտենում եմ սրան, (մի 60-ն անց մարդ էր), գոռում եմ` պարոն մայոր, ակնոցս ու՞ր ա (քաշքշուկի ժամանակ ակնոցս ընկել էր, ու էդ պահին էդ էր ամենամեծ խնդիրս), ասում ա` նորմալ ա ապեր ջան, հանգստացի: Ու հետո մոտենում ա Տարոնի լրատվական ծառայության պետ Արթուր Գեւորգյանն ու սկսում ա ինչ-որ դավադրական տեսություններ ներկայացնել ԻՐԵՆՑ թեկնածուի դեմ սադրանքի մասին, որ սա փորձ է` հարվածելու իշխանությունների հեղինակությանը (բնական է չէ՞. Տարոնի դեմ քննադատական նյութեր դնող լրատվամիջոցի լրագրողին ինչ-որ մութ ուժեր ծեծել են, որ անունը դուրս գա, թե Տարոնն իրեն քննադատողներին պատժելու համար մարդ է ուղարկում:


Անձամբ ես իմ անձի մասին ավելի համեստ կարծիքի եմ, ու կարծում եմ, որ ինձ վրա հարձակվողներից ոչ ոք ինձ չէր ճանաչում): Երբ դեպքից հետո տարիքն առած մի կին ամոթանք էր տալիս ինձ` թե ինչի ես եկել մարդկանց տոնը փչացնում, ո՞վ ա քեզ ուղարկել (վերաձևակերպելով «էկել ես, որ ի՞նչ անես»-ը): Երբ որ հետո պարզում եմ, որ ինձ հարվածողը Երևանի ավագանու անդամ է ՀՀԿ-ից: Երբ ձեռքիս համարին զանգում ա Ջրվեժի ոստիկանապետ Գալստյանը (թե՞ Գասպարյան) ու խորհուրդ տալիս մոտենալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին ու պատմել ԻՄ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ մասին, ասում եմ` հարգելիս, ախր, դեպքը ոստիկանի ներկայությամբ ա տեղի ունեցել, դեպքից հետո տարածք են եկել մի քանի ուրիշ ոստիկաններ` ՊՊԾ մեքենայով, ու դրանցից յուրաքանչյուրը, որ մոտենար էնտեղ ցանկացած մատնաչափ երեխայի, հարցներ` էսօր էստեղ ու՞մ են տփել, կպատասխանեին, որ էէէն թրաշով ակնոցավոր տղուն:


Ասում ա` դե գիտեք, ինչ կա, հազար բան կարող ա պնդեք, եթե բողոք ունեք, գնացեք, դիմեք ոստիկաններին, կամ եկեք բաժանմունք, բացատրություն վերցնենք, պարզենք` ինչ ա եղել: Երբ տարածքում մի «սաղ» լրագրող եմ փնտրում, չեմ գտնում, որ դարդս պատմեմ, մենակ` Երևան TV-ի վախվորած աջկան, որ պատառոտված շորերս տեսնելով փախավ կողքիցս: Ու էդ ամեն ինչը «Երևանը դու ես, սիրո մայրաքաղաք և այլն» երգերի հնչյունների տակ: Սկսում եմ վախենալ, կարող ա՞ վաղն ինձ զրպարտանքի մեջ մեղադրեն: Եսի՞մ: Կարող ա»: