Բոստոնի ահաբեկչության կասկածյալներից մեկը վրացական անձնագիր է ունեցել. ԶԼՄ-ներ

14:52 • 24.04.13

Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալներից մեկը՝ Թամերլան Ցարնաևը, ունեցել է վրացական անձնագիր, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի անդամ, Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեին։

 

«Ես տեղեկություններ ունեմ այն մասին, որ Թամերլան Ցարնաևը վրացական անձնագիր է ունեցել, սակայն այժմ տեղեկությունը հաստատել չեմ կարող»,-ասել է Արեշիձեն։

 

Այնուհետև Взгляд-ը հիշեցնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ որևէ ապացույցներ չկան այն մասին, որ բոստոնյան ահաբեկչության կասկածյալ Ցարնաևը մասնակցել է Վրաստանում անցկացվող վրաց-ամերիկյան սեմինարներին։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ 12 վայրկյան տարբերությամբ 2 պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Թամերլան Ցարնաևը զոհվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով, իսկ 19-ամյա Ջոխար Ցարնաևը հրազենային վնասվածքով գտնվում է հիվանդանոցում։