Վերջ «բերան փակելու» Թուրքիայի քաղաքականությանը. ԱՄՆ Սպիտակ տան մոտ ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացրել

13:30 • 24.04.13

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում բնակվող հայերը բողոքի ակցիա են անցկացրել Սպիտակ տան մոտ. Բարաք Օբամային կոչ են արել չենթարկվել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականը, ակցիան անցկացվել է ապրիլի 22-ին. այն կազմակերպել էր ԱՄՆ-ում գործող «Հայ երիտասարդաց միություն» կազմակերպության «Անի» մասնաճյուղը:

 

«Ամերիկայի Միացյալ Նահանգները և Բարաք Օբաման, այս հանցագործության մասին ճշմարտությունն ասելով, կարող են մեծապես նպաստել, որ Թուրքիան առերեսվի սեփական պատմության մութ էջերին: Հակառակ դիրքորոշումը նպաստելու է Հայոց ցեղասպանությունը հերքելու քաղաքականության շարունակմանը և դրան մեղսակից է դարձնելու նաև Միացյալ Նահանգներին: Հակառակ դիրքորոշումն այլ բնռապետներին վտանգավոր ուղերձ է հղում  առ այն, որ նրանք նույնպես կարող են ցեղասպանություն գործել և մնալ անպատիժ», -ասել է «Անի» մասնաճյուղի նախագահ Նարինե Աբրահամյանը:



Ցուցարարներն ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ պաստառներ են պարզել «Ո՞վ է որոշում, թե Ամերիկան երբ պետք է խոսի ցեղասպանության մասին. Դու'ք պետք է դա անեք, ո'չ թե օտարերկրյա կառավարությունը», «Վերջ «բերան փակելու» Թուրքիայի քաղաքականությանը», «1915թ. ապրիլի  24-ը երբեք չի մոռացվի» գրություններով:

 

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրությունը, սկսեց կյանքի կոչել պանթուրքիզմի քաղաքականությունը, որի նպատակը հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումն էր(իր մեջ պետք է ներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին): Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Օսմանյան Թուրքիան այս ծրագրի իրականացման ճանապարհին որպես գլխավոր խոչընդոտ դիտում էր հայ բնակչությանը (մոտ երկու միլիոն) և, որպես առիթ օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմը, սկսեց հայերի բնաջնջման և տեղահանության քաղաքականությունը... 1915-1923թթ-ին թուրքական յաթաղանին զոհ դարձավ մոտ 1,5 միլիոն  հայ: 

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է 20-ից ավելի պետություն (Ուրուգվայ, Կիպրոս, Արգենտինա, Ռուսաստան, Կանադա, Հունաստան, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Վենեսուելա, Շվեդիա, Վատիկան, Ավստրալիա և այլն), այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն:


Թուրքիայի գործող իշխանությունները ոչ միայն կտրականապես հերքում են Առաջին աշխարհամարտի տարիներին 1,5 մլն հայերի ցեղասպանության մասին մեղադրանքները, այլև հնարավոր ամեն ինչ անում են՝ մյուս պետությունների կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը և դատապարտումը խոչընդոտելու համար:


Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ամերիկյան 50 նահանգներից 42-ը, դաշնային իշխանությունները, սակայն, առ այսօր պաշտոնապես չեն ընդունել այն:


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ի կապակցությամբ հանդես է գալիս հիշատակի ուղերձով, որում, սակայն, «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն օգտագործում է «Մեծ եղեռն» բառը: