Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակ
Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ծանոթացել այնտեղ ընթացող բարեկարգման և արտաքին ձևավորման աշխատանքներին:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տարոն Մարգարյանը ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է նաև «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը:
Քաղաքապետը նշել է, որ նման հետաքրքիր ու ինտերակտիվ ձևավորումները կարևոր են նաև դաստիարակչական առումով և ինքնատիպ խթան կհանդիսանան շախմատի նկատմամբ հետաքրքրության է՛լ ավելի բարձրացմանը: Նա նաև նշել է, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման այսօրինակ լրացումները կրելու են շարունակական բնույթ և համալրելու են բոլոր վարչական շրջանները:
Ի դեպ, շախմատի տախտակը միայն դեկորացիա չէ. ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է բարձրանալ մոտ 30 քմ մակերեսով խաղատախտակի վրա ու, տեղափոխելով խաղաքարերը, շախմատ խաղալ:
Տարածքը, ի դեպ, վերահսկվում է տեսախցիկներով:










