Էգեմեն Բաղըշը դարձյալ մեղադրել է Սփյուռքին՝ Հայաստանի շահերին վնաս հասցնելու համար

10:37 • 25.04.13

Թուրքիայի՝ Եվրոպական Միության հարցով նախարար և գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթին, տեղեկացնում է Haberturk-ը։

 

Նա նշել է, որ ամեն Ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ի թուրքերն ու հայերը ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանության» եզրույթի օգտագործման վերաբերյալ Սպիտակ տանն ու ԱՄՆ պետդեպում լոբբինգ իրականացնելու համար անում են ամեն ինչ։

 

«Իմ կարծիքով՝ պետք է ելույթներից և բառերից վեր նայենք։ Համատեղ շահեր ունենք։ Ցավոք, հայկական սփյուռքը Հայաստանի իրական ազգային շահերին վնաս է հասցնում»,-ասել է նա։

 

Նա հայտարարել է՝ իբր 1915թ.-ին իրենք օբյեկտիվ են նայում և այդպես էլ շարունակելու են։ «9 տարի առաջ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի նախագահին նամակ էր հղել։ Նա ասել էր, որ պատրաստ է  առերեսվել պատմության հետ։ Գուցե նա այդ ասող առաջին թուրք քաղաքական գործիչն էր»,-ասել է Բաղըշը։

 

Թուրք նախարարը դարձյալ պնդել է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին ներքաղաքացիական կռիվներ են եղել, սակայն եթե այլ փաստեր կան, ապա իրենք պատրաստ են դրանք քննարկել։


«Պատմաբանները, վերլուծաբանները թող ուսումնասիրեն, մենք էլ, որպես քաղաքական գործիչներ, կնայենք և որոշում կկայացնենք։ Սակայն Թուրքիային ներկայիս Թուրքիայում տեղի չունեցած դեպքերի մեղքն ընդունելու հարցում ստիպելն արդար չէ»,-ասել է թուրք նախարարը։

Նա նշել է, որ պետք է կենտրոնանալ ապագայի վրա և հեռանկարում կկարողանան լուծել խնդիրները։