Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

18:06 • 25.04.13

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին, խմբի անդամներ Էվալդ Շտադլերին, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեին, Գի Տեսսիեին և Լյովենի համալսարանի պատվավոր ռեկտոր, հայտնի հայագետ Բերնար Կուլիին: Այս մասին նշվում է ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։


ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել եվրոպացի հյուրերին այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու և 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում հարգելու համար: «Դրանով դուք կրկին վերահաստատում եք ձեր հավատարմությունը համամարդկային բարձր արժեքներին և զորակցությունը Հայաստանի ջանքերին ՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչմանն ու դատապարտմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Բարեկամության խմբի անդամ Էվալդ Շտադլերը նկատել է, որ Եվրոպան բարոյական պարտավորություն ունի հայ ժողովրդի նկատմամբ՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Լեռնային Ղարաբաղում:


Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսը ևս նշել է, որ Եվրոպան պետք է համերաշխություն հայտնի Հայաստանին ցեղասպանության ճանաչման պայքարում, նաև՝ աջակցի ԼՂ հակամարտության կարգավորման, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման վերացման հարցում: Հույն պատգամավորը նշել է, որ իրենք Կիպրոսի օրինակով գիտեն՝ ինչքան դժվար է Թուրքիային համոզել ճանաչել սեփական անցյալը: Վալերի Բուայեի կարծիքով՝ պետք է լսելի դարձնել մարդու իրավունքների խախտման փաստերը ինչպես անցյալում՝ ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա՝ Լեռնային Ղարաբաղում, նաև՝ հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի հարուստ մշակութային, պատմական հարստությունները:


Հանդիպման օրակարգում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացումն է եղել՝ համագործակցության նոր ձևաչափն ու հեռանկարները: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հունվարի 9-ից Եվրախորհրդարանում գործող ԵՄ-Հայաստան բարեկամության խումբը նոր որակ կհաղորդի համագործակցությանը՝ դարձնելով այն առավել արդյունավետ:


Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ օրենսդիր և գործադիր կառույցների միջև փոխգործակցության լավ նախադրյալների մասին են վկայում վերջին երեք տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան:


ԱԺ նախագահը պատրաստամակություն է հայտնել աջակցել խմբի բոլոր նախաձեռնություններին ու համագործակցության բոլոր ձևաչափերին: Բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը նշել է Եվրախորհրդարանի և Հայաստանի խորհրդարանի միջև հարաբերություններն էլ ավելի խորացնելու անհրաժետությունը՝ ինչը ԵՄ-ին Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցելու ավելի մեծ հնարավորություն կընձեռի: Եվրախորհրդարանում ստեղծված բարեկամության խումբը, պատգամավորի համոզմամբ, կակտիվացնի ու կհամախմբի ջանքերն այս ուղղությամբ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքը, մասնավորապես եզրափակիչ փուլը, ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցը: Հովիկ Աբրահամյանը փոխանցել է խորհրդարանի պատրաստակամությունը Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու, ինչպես նաև դրանից բխող քայլերը կատարելու՝ Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում:


ԱԺ նախագահը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է իշխանությունների դիրքորոշումները ղարաբաղյան խնդրի կարգավորման և հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: ԱԺ նախագահը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում խնդիրը կարգավորելու և ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման երեք սկզբունքներով առաջնորդվելու Հայաստանի պատրաստակամությունը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: