Իլինոյս նահանգի մարդասպանը, հնարավոր է, վրեժ է լուծել իր նախկին ընկերուհու ընտանիքից
ԱՄՆ Մանչեսթեր քաղաքում (Իլինոյս նահանգ) տեղի ունեցած հրաձգության կասկածյալը, ենթադրաբար, վրեժ է լուծել իր նախկին ընկերուհուց, ում հետ չի կարողացել համաձայնության գալ իրենց 4-ամյա որդու խնամակալության հարցում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Chicago Tribune թերթին։
Տեղի ոստիկանությունը չորեքշաբթի տներից մեկում հայտնաբերել է 5 մարդու դի, ովքեր, ենթադրվում է, մահացել են հրազենային վնասվածքներից։
Ըստ հարազատների տվյալների՝ մահացել են 65-ամյա Ջոան Սինքլերը, նրա թոռնուհի Բրիթանի Լուարկը ընկերոջ՝ Ռոյ Ռալսթոնի հետ, ինչպես նաև նրանց մանկահասակ երեխաները՝ Նոլանը և Բրենթլին։ Նրանց մյուս դուստրը՝ 6-ամյա Քեսիդին, ծայրահեղ վիճակում գտնվում է հիվանդանոցում։
Ոստիկանության տեղեկություններով՝ 43-ամյա կասկածյալ Ռիք Սմիթն անձամբ տարել է երեխային հարևանների մոտ՝ խնդրելով շտապօգնություն կանչել, որից հետո հեռացել է հանցագործության վայրից։ Հարևանները ոստիկանություն են կանչել։ Մի քանի ժամ անց Սմիթը ձերբակալվել է ոստիկանների հետ կարճատև փոխհրաձգությունից հետո, այնուհետև ստացված վնասվածքներից մահացել է հոսպիտալում։
Ըստ պարբերականի տվյալների՝ Սմիթը սպանված Ջոան Սինքլերի դստեր նախկին ընկերն է եղել, ով հանցագործության պահին տանը չի եղել։










