Մուրատ Քարայիլանը հայտարարել է Թուրքիայից Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների հեռանալու մասին
Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ռազմական առաջնորդ Մուրատ Քարայիլանը հայտարարել է, որ զինյալները կհեռանան Թուրքիայից մայիսի սկզբին, տեղեկացնում է BBC-ն: Այս մասին քրդական կուսակցության՝ Իրաքի հյուսիսում տեղակայված բազայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրատվամիջոցներին հայտնել է Մուրատ Քարայիլանը՝ նշելով. «Զորքերի հետ քաշվելը ծրագրված է և կիրականացվի փուլ առ փուլ»:
Ճեպազրույցին ներկա գտնվելու համար թուրքական և արտասահմանյան լրատվամիջոցների ավելի քան 50 լրագրողների Իրբիլից տեղափոխել են քրդական բազա՝ նախապես առգրավելով նրանց հեռախոսները:
Այս հայտարարությունը հետևել է ՔԱԿ-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմից հնչած հրադադարի կոչին:
Վերլուծաբանների կարծիքով՝ այս որոշումը կայացրել է Օջալանը, ով դեռևս մարտին հրադադարի կոչ էր արել, ինչը զգուշորեն էր ընդունվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Օջալանը դատապարտված է ցմահ ազատազրկման և արդեն 14 տարի կրում է իր պատիժը:










