Ոստիկանները պատժվել են՝ iLur.am-ի լրագրողի հետ միջադեպը չկանխելու համար

19:40 • 25.04.13

Մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքը չկանխելու համար ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի որոշումով կարգապահական տույժի են ենթարկվել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության ներկայացուցիչներ, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

 

Ոստիկանության հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։
Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում: Տեղի ունեցածի վերաբերյալ մի հրապարակման մեջ նշվել էր, որ միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չի միջամտել, չի փորձել կանխել միջադեպը: Հրապարակման առնչությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայական քննություն, որի արդյունքները զեկուցվել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

 

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մշտապես աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ հատուկ շեշտել է, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոստիկան անձամբ է պատասխանատու իր ոլորտում արձանագրված թերացումների ու բացթողումների համար` ընդհուպ մինչև ամենախիստ ծառայողական տույժերի նշանակում:

 

ՀՀ ոստիկանության պետը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: