Պուտինն ուղիղ եթերում պատմել է Բերեզովսկուց ստացած 2 նամակի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղիղ եթերում խոսել է հանգուցյալ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկուց ստացած 2 նամակի մասին։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, նախագահը մանրամասնել է, որ առաջին նամակը ստացել է անցած տարվա փետրվարին, իսկ 2-րդը տեղ է հասել արդեն օլիգարխի մահից հետո։ Առաջին նամակը Կրեմլին է փոխանցել Բերեզովսկու նախկին ռուս գործընկերը, իսկ 2-րդը՝ արտասահմանցի։
«Ես չէի ուզենա այս թեմայով խոսել, բայց խուսափելն էլ մի տեսակ հաճելի չէ։ Երկու նամակների տեքստն էլ նույնն է»,-ասել է Պուտինը։
Նա նաև հավելել է, որ դեմ չէր լինի Բերեզովսկուն Ռուսաստանում հուղարկավորելուն, սակայն, ըստ նախագահի, դա նրա ընտանիքի որոշելու հարցն է։
Հիշեցնենք, որ Բերեզովսկին մահացել է մարտի 23-ին, Լոնդոնից քիչ հեռու գտնվող իր առանձնատանը։










