Ֆրանսիացին ինքնասպանություն է գործել՝ մեղադրելով իր գործատուին

16:14 • 25.04.13

Ֆրանսիայի Կլեոն քաղաքում Renault գործարանի աշխատակիցն ինքնասպանություն է գործել՝ իր մահվան համար մեղադրելով ընկերությանը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Le Monde-ին։ 

 

35-ամյա տղամարդն աշխատել է գործարանում 2000թ.-ից՝ որպես գիշերային տեխնիկ։ Նա հայտնաբերվել է կախված վիճակում՝ իր աշխատավայրում։ Գտնվել են նաև նրա 2 գրությունները. մեկը գրված է եղել իր ընտանիքի համար, մյուսը՝ գործատուների։

 

Վերջինում նա գրել է. «Շնորհակալություն, Renault։ Շնորհակալություն այսքան տարիների ճնշման համար, գիշերային շանտաժի համար։ Այն վայրի համար, որտեղ չկա գործադուլի, բողոքելու իրավունք։ Շնորհակալություն վախի և ապագայի հանդեպ անորոշության համար։ Կարո՞ղ ես այս ամենը բացատրել իմ դստրերին, Կառլոս (դիմում է ընկերության գլխավոր տնօրենին)»։

 

Ըստ դատախազության հայտարարության՝ ինքնասպանության վերաբերյալ գործը մանրակրկիտ կհետաքննվի, քանի որ տղամարդն ինքնասպան է եղել աշխատավայրում, աշխատանքի ժամին՝ մեղադրելով իր գործատուներին։