Հալեպում 1000-ամյա մինարեթ է քանդվել (լուսանկարներ)

11:09 • 25.04.13

Սիրիայում կառավարական զորքերի և Սիրիայի ազատ բանակի միջև ընթացող մարտերի հետևանքով քանդվել է Արևելքի խորհրդանիշներից մեկը՝ Օմայան մզկիթի մինարեթը, տեղեկացնում է Независимая газета-ն։

 

Զինյալները մինարեթը քանդելու համար մեղադրում են իշխանությանը, իսկ իշխող ռեժիմը՝ ընդդիմադիր զինյալներին։ ՍԱՆԱ պաշտոնական գործակալության պնդմամբ՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումն ականապատել է մինարեթն ու պայթեցրել այն։

 

Սիրիայի ազատ բանակի մամուլի ներկայացուցիչն ասել է, որ մինարեթն ամբողջությամբ ոչնչացվել է կառավարական զորքի հրթիռակոծության հետևանքով։


Մզկիթը նաև թալանվել է. դրանից գողացվել է այն տուփը, որում պահվում էին Մուհամեդ մարգարեի մազերը։ Ընդդիմադիրներն ասել են, որ մինարեթի վրա արձակվել է 7 ական։

 

UNESCO-ի տվյալներով՝ համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում առկա սիրիական ճարտարապետության 6 հուշարձաններից 5-ը քանդվել կամ լուրջ վնասվել են քաղաքացիական պատերազմի ընթացքում։