Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը. լրատվամիջոցներ
Ադրբեջանցի սկանդալային գրող Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը, տեղեկացնում է haqqin.az-ը։
Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, գրողի որդին նշել է, որ մի քանի օր է, ինչ հայրը տանը չէ։ Նա չի ճշտել, թե որտեղ է գտնվում Այլիսլին։
Գրողի բջջային և քաղաքային հեռախոսները ևս չեն պատասխանում։
Չի բացառվում, որ Աքրամ Այլիսլին այժմ գտնվում է արտերկրում՝ իր համար քաղաքական ապաստան գտնելու նպատակով։
Հիշեցնենք, որ գրողի՝ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել Ադրբեջանում. նախագահ Իլհամ Ալիևը գրողին զրկեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և անվանական թոշակից, պաշտոնից հեռացվեցին Այլիսլիի որդին ու կինը, այրվեցին գրողի գրքերը: Իսկ ադրբեջանցի պատգամավորներն Ալիևին նույնիսկ առաջարկեցին գրողին զրկել Ադրբեջանի քաղաքացիությունից և «Հայաստան ուղարկել»:










