Նոր թռչնագրիպը 9 անգամ ավելի մահացու է, քան 1918-ին 50 մլն մարդու կյանք խլած համաճարակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրիպի փորձագետ Քեիջի Ֆուկուդան հայտարարել է, որ թռչնագրիպի H7N9 վիրուսը մարդկության տեսած գրիպի ամենամահացու վարակներից մեկն է՝ այն անվանելով «անհավանականորեն վտանգավոր»:
Կատարած ուսումնասիրությունների արդյունքում նա հայտնել է, որ թռչնագրիպի համաճարակը ինն անգամ ավելի մահացու է քան 1918-ին Իսպանիայում տարածված գրիպի համաճարակը, որին զոհ էր գնացել 50 մլն մարդ: Այժմ վարակն անցնում է թռչնից մարդուն ավելի արագ, քան գրիպի H5N1 նախատիպը, որին զոհ գնաց 360 մարդ անցած տասնամյակի ընթացքում:
Փորձագետը մատնանշում է, որ այն կարող է էլ ավելի վտանգավոր դառնալ, եթե սկսի հեշտությամբ անցնել մարդուց մարդուն՝ օդակաթիլային ճանապարհով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ապրիլի 25-ի դրությամբ թռչնագրիպով վարակվելու 108 դեպք է գրանցվել, որոնցից 22-ը՝ մահվան ելքով:
ԱՄՆ-ի News & World գործակալության հաղորդմամբ, վարակի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի վեց շաբաթից ոչ շուտ, ինչից հետո անհրաժեշտ կլինի այն փորձարկել կենդանիների վրա՝ նախքան մարդկանց տրամադրելը:










