Ճապոնիան թույլատրել է Boeing 787 Dreamliner-ի թռիչքները
Ճապոնիայի ավիացիան այսօր հայտարարել է, որ թույլատրում է Boeing 787 Dreamliner ինքնաթիռի թռիչքների վերսկսումը, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Ճապոնիան այդ քայլին գնացել է, երբ թռիչքների վերսկսումը թույլատրել է նաև ԱՄՆ-ն։ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը երեկվանից արտոնել էր United Airlines ընկերությանը վերսկսել Dreamliner-ի թռիչքները։
Boeing 787-ի թռիչքներն արգելվել էին 2013թ.-ին՝ Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների կողմից։ Պատճառը եղել էր ինքնաթիռների մարտկոցներում առկա խնդիրները։
Ճապոնիան այդ ինքնաթիռի խոշորագույն օգտագործողն է. աշխարհում գործող 50 Dreamliner ինքնաթիռներից 24-ը պատկանում են ճապոնական ավիաընկերություններին։
Boeing 787 Dreamliner ինքնաթիռներ ունեն նաև ամերիկյան United Airlines-ը, լեհական LOT-ը, եթովպիական Ethiopian Airlines-ը, Կատարի Qatar Airways-ն ու հնդկական Air India-ն։










